Բելառուսի ԱԳՆ-ն Վաշինգտոնին տեղեկացրել է ամերիկյան պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ սահմանելու մասին: Ինչպես փոխանցում է «Իզվեստիա»-ն, այս մասին հաղորդել է երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության խոսնակ Անատոլի Գլազը:

«Որպես ինքնիշխան երկիր՝ մենք չենք կարող անուշադրության մատնել տվյալ ոչ բարեկամական արարքը: Այդ պատճառով այսօր ԱԳՆ է հրավիրվել ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատարը, որին հայտնել են պատասխան միջոցների մասին»,- ասվում է Բելառուսի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Մինսկը որպես պատասխան միջոց կրճատել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության անձնակազմը: Բացի այդ, սահմանափակվում է ամերիկացի մասնագետների աշխատանքը և հետ է կանչվում Բելառուսում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատանքի մասին որոշումը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին ԱՄՆ-ն հայտարարել էր օդային հաղորդակցության մասին Բելառուսի հետ միջկառավարական համաձայնագրի գործողությունների դադարեցման մասին, ինչպես նաև այսօր ավելի վաղ հայտարարել է 9 բելառուսական կազմակերպության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:  

Ամերիկյան պատժամիջոցները պայմանավորված են մայիսի 23-ին Ryanair ավիաընկերության օդանավի հետ կապված միջադեպով, երբ այն հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում, որից հետո օդանավակայանում ձերբակալվել էր ուղևորների մեջ գտնվող ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչը

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն