Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է հաջորդ տարի քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ
Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է 2022-ին քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ Կոմիտեն ամբողջությամբ ձևավորվել է 2021-ի հոկտեմբերի 23-ին: Այդ պատճառով կազմակերպության 2022-ի բյուջեն դեռևս գտնվում է մշակման փուլում, առկա է դրա նախնական տարբերակը: Կոմիտեն իրականացնելու է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննության ապահովում» բյուջետային ծրագիրը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 2 մլրդ 378 մլն 900 հազար դրամ: Կոմիտեի պահուստային ֆոնդը կազմում է 30.3 մլն դրամ:
«Ծրագրի գծով վերջնական արդյունքի չափորոշիչը ենթադրյալ հանցագործությունների դեպքերով քննված քրեական գործերն են: Թվային ցուցանիշ հնարավոր չէ կանխատեսել: Բայց 2022-ին նախատեսում ենք քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, քանի որ վիճակագրական ցուցանիշները մոտավորապես այդ թվի մասին են խոսում: Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտը և ՊԵԿ քննչական ծառայությունը քննել են մոտ այդ քանակի քրեական գործեր»,- ասաց Խաչատրյանը:
Կոմիտեն ծանրաբեռնվելու է ոչ միայն քրեական գործերով, այլ նաև կոռուպցիոն բնույթի դիմումների, բողոքների քննությամբ, նյութերի նախապատրաստմամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացմամբ:
Նախատեսվում է հաջորդ տարի գործարկել նաև Կոմիտեի տարածքային ստորաբաժանումները: