Եվրամիությունը թվային ID դրամապանակ ստեղծելու ծրագրեր է հրապարակել
Եվրամիությունը թվային ID դրամապանակ ստեղծելու ծրագրեր է հրապարակել, որոնք ԵՄ քաղաքացիները կարող են օգտագործել 27 անդամ երկրների ծառայություններից օգտվելու համար: Այս քայլը համավարակից հետո վերականգնման ռազմավարության մի մասն է, հաղորդել է AP-ն:
«Europe an Digital Identity Wallet»-ը սմարթֆոնի ծրագիր է, որը թույլ կտա օգտվողներին պահել նույնականացման էլեկտրոնային ձեւեր եւ այլ պաշտոնական փաստաթղթեր, ինչպիսիք են վարորդական իրավունքը, դպրոցական կրթության վկայականը:
ԵՄ 450 միլիոն բնակիչ կկարողանա օգտվել դրամապանակից պետական կամ մասնավոր ծառայություններից օգտվելու համար ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց՝ միաժամանակ պահպանելով անձնական տվյալների վերահսկողությունը:
Պաշտոնյաները ենթադրում են, որ «Europe an Digital Identity Wallet»-ը թույլ կտա օդանավակայանում մեքենա վարձակալող հաճախորդին, օրինակ, լրացնել անհրաժեշտ անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ թվային ձեւաչափով փաստաթղթերը, եւ այդպիսով չկանգնել գործակալության սեղանի մոտ: Գիշերային ակումբների սիրահարները կարող են մուտքի մոտ ցույց տալ ծրագիրը անվտանգության աշխատակիցներին՝ հաստատելու համար իրենց տարիքը:
Այլ հավանական կիրառություններ կարող են լինել բանկային հաշիվների բացումը, բնակարանի վարձակալության պայմանագրերի կնքումը եւ բնակության երկրից դուրս գտնվող համալսարաններ ընդունվելը:
Թվային դրամապանակը «հնարավորություն կտա յուրաքանչյուր անդամ երկրում աշխատել այնպես, ինչպես տանը՝ առանց լրացուցիչ ծախսերի եւ ավելի քիչ քաշքշուկներով», - ասել է թվային տեխնոլոգիաների հարցերով Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրեթ Վեստագերը: