Այս օրերին Հայաստանի Ազգային ժողովի հանձնաժողովներում ընթանում են 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ի թիվս այլ ցուցանիշները, 2022-ի համար կառավարությունը կանխատեսում է 7 տոկոս տնտեսական աճ, սակայն ընդդիմության ներկայացուցիչները նման աճն անիրատեսական են համարում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին, հայտարարել է, թե Հայաստանը չի կարողանում սահուն կերպով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը, ինչը ևս տնտեսական աճի համար նպաստավոր համարվել չի կարող:

Այս առնչությամբ, ԱԺ նախկին փոխնախագահ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ էական չէ՝ կանխատեսվել է 7 տոկոս տնտեսական աճ, թե 17 տոկոս, շատ ավելի կարևոր է, որ այդ աճը որակ ունենա:

«Նախ պետք է հասկանալ, թե այդ 7 տոկոս տնտեսական աճը որքանով է իրական, այսինքն ինչքանով է խարսխված գնաճի հետ, որովհետև բոլորս տեսնում ենք, որ գնաճի ծավալներն այնքան մեծ է, որ ի չիք է դարձնում որևէ իրական գործընթաց: Դրա հետևանքով մարդիկ աղքատանում են, շատերի կենսամակարդակն իջնում է:

Այս ընէթացքում մարդիկ բացի սովորական ծախսերից նաև համավարակի հետ կապված ծախսեր են անում՝ դեղեր, բուժումներ: Դա նշանակում է, որ ընդհանուր առմամբ տեսանելի չեն այն դրական միտումները, որ ենթադրում ենք, թե մարդկանց կենսամակարդակը կարող է լավանալ»,-ասաց նա:

Մելքումյանը նկատեց, որ մի երկրում, որտեղ երեք տարում երեք արտահերթ ընտրություն է տեղի ունենում, բնականաբար, դա որոշակի քաղաքական անկայունություն է ենթադրում, և դա ազդում է ներդրումների վրա՝ ներքին, թե արտաքին. «Ներդրողները նաև նայում են, թե ինչ օրենքներ են ընդունվում, դրանք լավացնում, թե՞ վատացնում են ներդրումային միջավայրը:

Բացի այդ, այս կառավարությունը հռչակել է ներառական աճ, հետևաբար, մեր տնտեսական աճը 7 կլինի, 4 կլինի, թ 17 կլինի, որևէ կերպ դրա ներառականությունը չի բացահայտվում: Ես հեռու եմ այն մտքից, որ բոլորը պետք է օգտվեն այդ տնտեսական աճից, որովհետև դրա պայմանը չկա: Այն, ինչ մեր երկրում կատարվեց 2018-ին արդարության վերականգնման հիման վրա էր, դե թող ապացուցեն, որ այդ 7 տոկոսի, թե 5 տոկոսի վերաբաշխումն արդար է կատարվում: Առայժմ տեսնում ենք, որ արդար չի բաշխվում, մարդիկ դեռ չեն զգում, որ կարող են իրենց ներդրումներն ապահով լինել մեր երկրում: Եթե դրան գումարենք նաև ավանդական խնդիրները, որ ասենք, մեկ աղբյուրից գնումները շատ են, կապիտալ ծախսերը թերակատարվում են, ապա ակնհայտ է դառնում, որ այս կառավարության հռչակած լոզունգները կիլոմետրերով հեռու են նրանից, ինչ կատարվում է իրական կյանքում: Պատահական չէ, որ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ տեղերում դժգոհություններ ունեն իշխանություններից»:

Հարցին, թե ինքն ինչքան տնտեսական աճ է կանխատեսում 2022-ի համար, ԲՀԿ-ական գործիչը պատասխանեց. «Տոկոս կանխատեսելը, տոկոս խփելը անշնորհակալ գործ է: Կարող ես ունենալ 4 տոկոս տնտեսական աճ, երկրի գործերը լավանան, կարող ես ունենալ 14 տոկոս ու չլավանան: Հիմա այս 7 տոկոսը որևէ վստահություն չի ներշնչում, որ եթե նույնիսկ լինի, ինչ-որ բան լավանալու է: Օրինակ, 2019-ին տնտեսական աճ ենք ունեցել, բայց որևէ մեկն իր վրա դա զգացե՞լ է: Պետք է կարողանալ այդ տնտեսական աճին ներառական բնույթ հաղորդել, որ աճի որակը տեղը լինի: Եթե որակը տեղը չի, դա սովորական տնտեսական ցուցանիշ է, ոչ ավել, ոչ պակաս»:

Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը, թե եթե Գագիկ Ծառուկյանի գործարանը չհրաժարվեր խաղողի մթերումից, այդ ոլորտում խնդիրներ չէինք ունենա, Մելքումյանն ասաց. «Հերթական մերկապարանոց հայտարարությունն է: Երևի ինքը սիրում է այդպես օրիգինալ մտքեր արտահայտի: Բայց իրենք եկե՞լ են, խոսե՞լ են, թե ինչ պատճառով մթերումները չկան: Պաշտոնապես հայտարարվեց, որ պետք է ներկրեին համապատասխան տարաներ, որ այդ մթերումը լիներ, բայց ինչ-ինչ պատճառներով պատկան մարմինների, տեղի չի ունեցել: Ինքը հարցրե՞լ է այդ պատկան մարմիններին, թե ինչ են արել, որ դա տեղի ունենա»:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն