ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մարզական կոչումներ է շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:  ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ սա մարզիկների և մարզիչների կատարած ազգանվեր աշխատանքի շատ համեստ գնահատականն է. «Մարզաշխարհի սիրելի ներկայացուցիչներ, այն, ինչ մենք այսօր արեցինք, մի փոքր ուշացած էր, բայց կարևորը՝ այսօր մենք հանձնեցինք այն, ինչը դուք վաստակել եք ձեր ամենօրյա քրտնաջան նվիրումի շնորհիվ ու շարունակում եք այսօր էլ այս դաշտում աշխատել: Սպորտն ամբողջ աշխարհում ամենաարդյունավետ ու ամենատարածված միջոցն է քեզ ու քո երկիրը ներկայացնելու առումով: Եթե կարողանում ես հաղթել ու այնպես անել, որ քո երկրի դրոշը բարձրանա, և հնչի քո երկրի օրհներգը, դա վստահություն և անգնահատելի դրական լիցք է հաղորդում յուրաքանչյուրին, ով հետևում և երկրպագում է ձեզ: Շնորհակալ ենք ձեզ: Մեզանից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի ձեզ համար ավելի հարմարավետ և հաճելի լինի կատարել այն աշխատանքը, որը դուք առանց այդ էլ անում եք: Սա շատ համեստ գնահատականն է ձեր կատարած շատ կարևոր և ազգանվեր աշխատանքի»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ իր հերթին ընդգծել է, որ պետությունը դեռ շատ ավելին է անելու, որպեսզի մարզիկները կարողանան հասնել այն ամենին, ինչին արժանի են: «Միայն ուզում եմ ասել շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի համար: Այն, ինչ անում եք դուք, անհրաժեշտ է մեզ հատկապես այս ժամանակաշրջանում: Յուրաքանչյուր հաղթանակ մի քայլ է՝ մարդկանց մոռացնելու հոգսերը, խնդիրները: Ամեն մի հաղթանակից հետո ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի մոտ բարձրանում է ինքնագնահատականը: Մարդիկ սկսում են հավատալ, որ մենք զորեղ ենք, որ մենք կարող ենք ու դեռ մեծ հաղթանակներ ենք ունենալու: Բոլորիդ ամենայն բարիք եմ մաղթում, գործող մարզիկներին էլ՝ նորանոր նվաճումներ: Այն, որ պետությունն առավել, քան երբևէ, այսօր հոգում է ձեր հոգսերը, դա փաստ է: Եվ դեռ շատ ավելին է անելու, որպեսզի դուք կարողանաք հասնել այն ամենին, ինչին արժանի եք»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Կոչումների արժանացած մարզիկների թվում են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Մալխաս Ամոյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Նրանք արժանացել են ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր ելույթում ընդգծեց նաև այն, թե ինչպես օրերս հայկական կողմի բողոքարկման արդյունքում վերանայվեց Հովհաննես Բաչկովի՝ քառորդ եզրափակիչի մենամարտի արդյունքը: «Իսկապես աննախադեպ իրադարձություն էր, երբ աշխարհի առաջնությունում Բաչկովի պարտությունը բողոքարկմամբ դարձավ հաղթանակ: Այսինքն՝ մենք արդեն պաշտպանված ենք: Եվ դա անելու ենք բոլոր մարզաձևերում: Կամաց-կամաց հասնելու ենք նրան, որ մեզ երրորդ երկրի տեղ չդնեն, այլ համարեն ուժեղ երկիր, հատկապես՝ սպորտում»,- փաստել է Կարեն Գիլոյանը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն