Քանի մարդ է ծնվել և մահացել Հայաստանում․ վիճակագրական նոր տվյալներ
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանում մահացության դեպքերն աճել են, իսկ բնական հավելաճը՝ նվազել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա ինն ամիսներին ծնունդների թիվը կազմել է 26 809՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 558-ի փոխարեն։ Մահերի թիվը կազմել է 23 674՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21 284-ի փոխարեն։ Ծնունդներն աճել են 0,9, իսկ մահերը՝ 11,2 տոկոսով։ Իսկ 2019 թվականի ինն ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում մահացության դեպքերն աճել են 20.9 տոկոսով։
Հայաստանում բնական հավելաճի ցուցանիշն էապես նվազել է։ Եթե 2019 թվականի ինն ամիսներին բնական հավելաճը կազմել էր 6 856, 2020-ին՝ 5 274, ապա այս տարվա ինն ամիսներին կազմել է 3 135 մարդ։ COVID-19 վիրուսից 2020 թվականի ինն ամիսներին Հայաստանում մահերը կազմել են 1 070, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 961։ Աճը կազմում է 2.8 անգամ։ Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա ինն ամիսներին մահացություններն աճել են 4.5 տոկոսով, նորագոյացություններից մահացությունները նվազել են 1,5 տոկոսով։
Մի շարք մարզերում դեպոպուլյացիան շարունակվում է՝ մահերի թիվն ավելի մեծ է, քան ծնունդներինը։ Մասնավորապես, ինն ամիսներին դեպոպուլյացիա է գրանցվել Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում։ Նվազել են մանկական մահացությունները՝ եթե 2020-ի ինն ամիսներին գրացվել էր 0-1 տարեկան երեխաների մահացության 203 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 183։ 2021թ. հունվար-սեպտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 11 դեպք, և մայրական մահացության գործակիցը կազմել է 41.0 միավոր՝ 2020թ. հունվար-սեպտեմբերի 15.1 միավորի համեմատ: