ՀՖՖ-ն որակազրկել է Հայաստանի հավաքականի ներկա և նախկին ֆուտբոլիստներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այն հիմնականում վերաբերվել է Պրեմիեր լիգայի «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» խաղի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպին:
Կարգապահական կոմիտեն հաստատված է համարել «Արարատ-Արմենիա» թիմի ֆուտբոլիստներ Յուսուֆ Օտուբանջո Օլայտանի, Խուլիո Բուենո Խոսե Ժունիորի և Բարբոսա Գոնսալես Դիեգո Մարտինիի կողմից թույ տված կարգապահական խախտումները:
Ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգով, առաջին երկուսը որակազրկվել են մեկական, իսկ վերջինը` 2 խաղով: «Արարատ-Արմենիա» ՖԱ ԲԲԸ ակումբն ընդհանուր հաշվարկով տուգանվել է 150 հազար դրամով:
«Փյունիկի» ֆուտբոլիստներն ավելի խիստ պատիժների են արժանացել: Էրիկ Վարդանյանը, որը Հայաստանի հավաքականի անդամ է, որակազրկվել է 5 խաղով: Իսկ ահա մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման Հովհաննիսյանը և Գևորգ Ղազարյանը բաց կթողնեն համապատասխանաբար 5 և 3 հանդիպում: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ընդհանուր առմամբ տուգանվել է 700 հազար դրամով: