Երեւի մեր փորձի, մեր խորհուրդների կարիքը չունեն
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս տարի եւս չէր ժամանել ԱԺ՝ ներկայացնելու քաղաքապետարանի բյուջեն։ Նրա տեղակալ Սերգեյ Ներսիսյանն ասաց՝ քաղաքապետի ընտանիքի անդամները կորոնավիրուսով վարակված են, այսինքն՝ Մարությանը կոնտակտավոր անձ է համարվում, ուստի չի եկել ԱԺ, որ ռիսկի տակ չդնի մյուսներին։ ՔՊ-ականները Մարությանի չգալն այս անգամ հարգելի համարեցին՝ շեշտելով, որ մյուս անգամ չկրկնվի։
Փոխարենը ԱԺ էր եկել եւ փոխքաղաքապետին հարցեր էր ուղղում նախկին քաղաքապետ, այժմ՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը։ Նա էլ իր քաղաքապետության օրոք չէր գալիս ԱԺ, փոխքաղաքապետին էր ուղարկում իր փոխարեն, եւ ամեն անգամ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն աղմուկ-աղաղակ էր բարձրացնում, թե որն է քաղաքապետի բանուգործը, որ չի գալիս ԱԺ՝ հաշվետու լինելու խորհրդարանին։ Քննարկումից հետո այս թեմայով Տարոն Մարգարյանին մի քանի հարց ուղղեցինք։
- Պարոն Մարգարյան, երբ Դուք չէիք գալիս բյուջեի քննարկմանը, Նիկոլ Փաշինյանը մեծ շոու էր սարքում, թե ո՞ւր է քաղաքապետը, ինչո՞ւ չի եկել։ Եվ Ձեր կողմից սրան բացատրություն չէր լինում։
- Բացատրություն լինում էր, իմ փոխարինողը՝ առաջին տեղակալն էր գալիս եւ ներկայացնում բյուջեն։ Իսկ ինչ մնում է իմ ժամանակ չներկայանալուն, տարբեր դեպքեր են եղել, եղել են պաշտոնական այցով Երեւան ժամանած հյուրեր, եւ ես ներկա եմ եղել այդ պաշտոնական արարողություններին։ Եղել է, որ ես երկրում չեմ եղել, պաշտոնական այցով այլ երկրներում եմ եղել, եւ իմ ներկա չգտնվելը ոչ մի բանով մի կապեք, դա եղել է հարգելի։
- Մենք չենք կապում, բայց Նիկոլ Փաշինյանը կապում էր։ Ու քանի որ Դուք խնդիր չեք ունեցել հանրային խոսքի, նաեւ լրագրողների հետ շփվելու, հարցերին պատասխանելու հարցում, ուստի զարմանալի էր, թե ինչու չէիք գալիս, որ հաշվետվությամբ ներկայանայիք խորհրդարանին։ Հիմա նույնը տեղի է ունենում այս քաղաքապետի դեպքում։
- Գիտե՞ք, իրականում քաղաքապետի աշխատանքը շատ ծանր է, քաղաքապետարանն իր ոլորտներով եւ պատասխանատվությամբ շատ մեծ է, իսկ ինչ մնում է հաշվետվություններին, մենք դեռ 2012 թվականից ի վեր, մինչեւ 2018 թվականը, քաղաքապետարանը եռամսյակը մեկ ներկայանում էր կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ, նաեւ ամփոփում էինք տարեկան թղթային տարբերակով։
- Մենք նկատեցինք, որ բյուջեի նախորդ ոլորտների քննարկումներին չէիք մասնակցում, միայն այս մի նիստին էիք ներկա։ Ձեզ հարազատ ոլորտ էր, դրա՞ համար եք այս մեկին եկել։
- Չէ, քանի որ նաեւ տարածքային հարցերով հանձնաժողովի նիստն էր այսօր, ես էլ այդ հանձնաժողովի անդամ եմ, դրա համար այս քննարկմանը մասնակցում էի։ Նաեւ, ինչո՞ւ չէ, ինձ համար էլ է մտահոգություն, թե Երեւան քաղաքին պետական բյուջեից տրվող գումարներն ինչի վրա են ծախսվում։
- Իսկ փոխքաղաքապետի ներկայացրած տվյալները եւ Ձեր հարցերին տված պատասխանները Ձեզ համար ընդունելի՞ էին, սպառի՞չ էին։
- Հիմնականում դա շատ խորը մասնագիտացված է, եւ քաղաքապետի տեղակալը ներկայացրեց, որ բյուջեն ավելացել է, բայց պետք է մասնագետները նայեն, որ հստակ հասկանանք՝ ավելացե՞լ է, թե՞ նվազել է կամ ինչ տողերով է ավելացել։ Կարող է վարկային ծրագրերը կամ վարկային պարտավորություննե՞րն են ավելացել։
- Իսկ Դուք ուսումնասիրե՞լ եք այդ հարցերը։
- Հիմա ուսումնասիրում եմ։
- Ի դեպ, ինչպե՞ս եք գնահատում Հայկ Մարությանի աշխատանքը։ Շատերը երանությամբ են հիշում նախկին քաղաքապետների, նաեւ Ձեր քաղաքապետության տարիները, հատկապես, երբ Մարությանը նոր էր դարձել քաղաքապետ: Հիմա հակառակն ասողներ էլ կան, որ կարծես թե վատ չի աշխատում Մարությանը, նույնիսկ ոմանք փորձում են նրան պաշտպանել այս իշխանություններից, քանի որ նա հակասություններ ունի նրանց հետ։
- Իմ կարծիքով՝ այդ հարցը ոչ թե ինձ պետք է տաք, այլ՝ երեւանցիներին։
- Տեսեք, մի կողմից շատերն ասում են՝ Ձեր քաղաքապետության օրոք Երեւանը բավականին զարգացել էր, բարեկարգվել էր, մյուս կողմից՝ այս իշխանությունները մեղադրում են, որ Ձեր օրոք բազմաթիվ ապօրինի շինարարություններ են եղել, կոռուպցիա է եղել, որոնց դեմ այսօր որոշել են պայքարել։
- Մենք նկատում ենք, որ, այո՝ ապօրինի շինարարության դեմ պայքար է գնում քաղաքային իշխանությունների կողմից։ Դուք վստահ եղեք՝ մեր ժամանակաշրջանում էլ է այդ պայքարը եղել, եւ հիմա դա շարունակվում է։ Դա քաղաքապետարանի ամենօրյա աշխատանքն է եւ աշխատակազմի համապատասխան պատասխանատուների ամենօրյա աշխատանքն է։
- Իսկ արդյունավե՞տ եք գնահատում նրանց աշխատանքը։
- Գնահատման հետ կապված՝ կխնդրեմ երեւանցիներին հարցնեք։
- Ձեզ որպես երեւանցի ու որպես նախկին քաղաքապետ եմ հարցնում։
- Գիտե՞ք, հարիր չէ, որ իմ գործընկերոջ աշխատանքի գնահատականը ես տամ։
- Դուք չեք ուզում գնահատականներ տալ, բայց Ձեր այդ գործընկերները նման բարոյական սահմանափակումներ չունեն, ճիշտ հակառակը` պարբերաբար փնովում են Ձեզ, ձեր իշխանությունների աշխատանքը։ Ինչո՞ւ չեք ուզում Դուք էլ իրենց քննադատել։
- Ոչինչ, կյանք է, դրա համար մենք երեւանցի ենք։
- Իրենք երեւանցի չե՞ն կամ ճի՞շտ երեւանցի չեն։
- Երեւանցի են։
- Պարոն Մարգարյան, տրանսպորտի խնդիրը Ձեր օրոք շատ քննարկվեց, Դուք միասնական տրանսպորտային ցանցի պլան էիք ներկայացրել, որն այդպես էլ Ձեր օրոք կյանքի չկոչվեց։ Գուցե ժամանակը չհերիքեց, կամ չկարողացաք։ Հիմա Հայկ Մարությանն ինչ-որ կերպ փորձում է լուծել այդ խնդիրը՝ նոր ավտոբուսներ ներգրավելով։ Դուք դա ինչպե՞ս եք գնահատում։
- Ամեն դեպքում, նոր ավտոբուսների ձեռքբերումը նորմալ է, եւ պետք է սկսվեր այդ պրոցեսը, բայց մենք ընդհանուր տրանսպորտի հետ կապված՝ ավելի մեծ ծրագիր էինք իրականացնում եւ հիմնական խնդիրն էինք փորձելու լուծել թե՛ միասնական տոմսի եւ թե՛ ընդհանուր քաղաքի տրանսպորտի ցանցի հետ կապված։
- Իսկ ինչո՞ւ չհաջողվեց լուծել։
- Ժամանակը չհերիքեց։
- Իշխանափոխությո՞ւնը խանգարեց։
- Այո։
- Իսկ այն, ինչ իրենք անում են՝ աղբահանության, քաղաքի բարեկարգման հարցերը, մյուս ծրագրերի իրականացումը, ինչպե՞ս եք գնահատում։
- Ես էլի խնդրում եմ, որ էդ հարցը չտաք՝ գնահատման հետ կապված, երեւանցիները պետք է գնահատեն քաղաքապետի եւ քաղաքային իշխանության աշխատանքը։ Իսկ ինչ մնում է ծրագրերին, որոշակի ծրագրեր, այո, իրականացնում են, իրենք իրենց մոտեցումներն ունեն ու իրենք տեսնում են այդ խնդիրները լուծելն այդ ուղղությամբ, մենք տեսնում էինք այլ ուղղությամբ։
- Տարօրինակ է, որ Դուք ո՛չ ուզում եք քննադատել, ո՛չ խնդիրները բարձրաձայնել, թեկուզ օգնել քաղաքային իշխանություններին Ձեր բարձրաձայնած խնդիրներով։ Տպավորություն է, թե հիմա ամեն ինչ հրաշալի է, իսկ նախկինում ամեն ինչ վատ էր։
- Երեւի մեր կարիքը չունեն, մեր խորհուրդների կարիքը չունեն, մեր անցած ճանապարհի, մեր փորձի կարիքը չունեն։
- Իսկ իրենք Ձեզ երբեւէ դիմե՞լ են, կամ Դուք առաջարկե՞լ եք Ձեր օգնությունը։
- Չեն դիմել։ Ինձ թվում է՝ գործող իշխանություններն իրենք պետք է դիմեն եւ տեսնեն՝ մենք ոնց էինք մտածում այդ ծրագրերի մասին եւ ոնց էինք տեսնում դրանց լուծումները։ Մենք միշտ էլ պատրաստ էինք Երեւան քաղաքի, մեր երեւանցիների համար ամեն ինչ անել, օգնել, ինչո՞ւ չէ՝ նաեւ մեր խորհուրդներով։
- Իրենք կարծես թե ավելի շատ քրեական գործեր են հարուցում նախկինների դեմ՝ նրանց դիմելու փոխարեն։ Ձեզ հետ կապված քրեական գործեր կա՞ն այս պահին, որ առնչվում են Ձեր քաղաքապետությանը։
- Դե, բնականաբար, որոշ հետապնդումներ իրականացվում են՝ արդեն երեքուկես տարի է։ Քննչական գործողություններ են ընթանում։
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այդ հետապնդումներին։
- Շատ թեթեւ եմ տանում եւ համարում եմ դա քաղաքական հետապնդում։
- Ի դեպ, երբ քաղաքապետ էիք, նկարել էին Ձեր առանձնատունը, ռեպորտաժ էին պատրաստել ու հարցնում էին՝ որտեղի՞ց Ձեզ նման շքեղ առանձնատուն, բակում կանգնած շքեղ մեքենաներ։ Հիշեցնում էին Ձեր բնակարանի՝ լրիվ 7-երով «գոլդ» հասցեն։ Դուք այդ ամենն ինչպե՞ս կբացատրեք հանրությանը, որ մարդիկ հասկանան, որ «գոլդ» հասցե, շքեղ առանձնատուն ունենալը քաղաքապետի դեպքում օրինական է կամ նորմալ է, կամ` բարոյական։
- Լավ հիշեցրիք․ 2018 թվականին այդ թեմայով Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվեց քրեական գործ, քննությունը տարվեց, ամբողջությամբ ուսումնասիրվեց, եւ այդ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Իսկ հասցեն եթե նայեք, թե երբ է տրվել էդ հասցեն, հաստատ ես ո՛չ քաղաքապետ եմ եղել այդ ժամանակ, ո՛չ քաղաքապետի տեղակալ եմ եղել։ Որ նայեք՝ որ թվականին է այդ հասցեն տրամադրվել, կտեսնեք, թե ես քաղաքապետարանի հետ ինչքանով կապ ունեի։