Ընդդիմությանը ձայն տվողներն ու կողմնակիցները գնալով զզվում են նրանցից
Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ
- Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 8-ին քաղաքացիներին հրավիրում է հանրահավաքի, ընդդիմությունը հայտարարում է, որ համազգային դիմադրություն պետք է ցույց տալ գործող իշխանությունների հակահայ քաղաքականությանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գործընթացին։
- Նախ եկեք պայմանավորվենք, որ այդ մարդկանց չի կարելի կոչել ընդդիմություն, դրանք ռեւանշիստներ են, որոնք ամեն գնով ուզում են հասնել ռեւանշի։ Ես ուզում եմ, որ հանրության լայն մասսաները եւս այս մարդկանց համար օգտագործեն ոչ թե «ընդդիմություն», այլ «ռեւանշիստներ» բառը։ Երբ օգտագործում ենք «ռեւանշիզմ» եւ «ռեւանշիստներ» բառը, ամեն ինչ տեղն է ընկնում։ Իրենց գործողություններն ընդդիմադիր չեն, դրանք ռեւանշիստական են։
- Օրինակ, ո՞ր գործողությունները, որ գալիս են խորհրդարան, ծեծ են ուտում ձեր կողմից ու գնում տո՞ւն։
- Դուք ռեւանշիզմն այդպես եք պատկերացնում։
- Ես Ձեր պատկերացումների մասին եմ ուզում լսել, հատկապես որ ընդդիմության աջակիցներն էլ իրենց հերթին են դժգոհում՝ ասելով, որ իրենք ընդդիմությանը ձայն են տվել, որ Փաշինյանին հեռացնի, ոչ թե գնա խորհրդարանում կառուցողական քննարկումների մասնակցի, մի բան էլ՝ ծեծվի․․․ Հիմա, Ձեր կարծիքով ինչպե՞ս է դրսեւորվում իրենց ռեւանշը։
- Ռեւանշը կայանում է նրանում, որ այս մարդիկ հայտարարում են, թե եկել են խորհրդարան իշխանություն վերցնելու։ Սա արդեն ռեւանշ է, ինչո՞ւ, որովհետեւ խորհրդարանն իշխանություն վերցնելու տեղ չէ։ Մեր երկրում խորհրդարանում մեկ անգամ են վերցրել իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, երբ սպանել են երկրի իշխանություններին։ Այ, դա է խորհրդարանում իշխանություն վերցնելու ձեւը, մնացած ժամանակ իշխանությունը խորհրդարանում չէ, իշխանությունը խորհրդարանից դուրս է, այն ժողովրդինն է: Եթե իրենք իշխանություն են ուզում, պետք է ժողովրդի հետ աշխատեն։
- Աշխատում են, հանրահավաքներ են անում։
- Ինձ բացարձակապես չի հուզում, ինչ ուզում են, թող անեն։ Ընդդիմությունը լավ գիտի, որ իրենց նկատմամբ դժգոհությունն ու զզվանքն ավելացել է հասարակության մեջ։
- Իրենք էլ ձեր մասին են այդպես արտահայտվում։
- Ուրեմն թող մտնեն ժողովրդի մեջ ու տեսնեն․․․ սրանց մեծ մասն իմաստակներ են։
- Իշխանությունը մտահոգություններ չունի՞, որ ընդդիմության հետեւից ժողովուրդը դուրս կգա փողոց, եւ համազգային դիմադրության շարժում կձեւավորվի՝ ընդդեմ իշխանությունների։
- Ոչ, բացարձակապես, ճիշտ հակառակը՝ իրենց ձայն տվողներն ու կողմնակիցները գնալով զզվում են իրենցից։ Դուրս եկեք ժողովրդի մեջ ու հարցումներ կատարեք։ Ես գոնե այն պատգամավորների թվին եմ պատկանում, որ շրջում է ոտքով, մետրոյով եւ հասարակական այլ տրանսպորտով, եւ հստակ տիրապետում եմ ինֆորմացիայի։
- Հարցո՞ւմ եք արել նրանց ընտրողների մեջ։
- Նրանց ընտրողներին գիտեմ, ճանաչում եմ շատերին։
- Իսկ ձեր ընտրողներին հարցրե՞լ եք՝ գո՞հ են ձեզնից, ձեր արածից։
- Իմ ընտրողների հետ գրեթե ամեն օր եմ շփվում, այո, կա որոշակի դժգոհություն, որ մենք շատ խիստ չենք սկսել։ Մեր ընտրողների դժգոհությունը հիմնականում նրանում է, որ մենք սրանց չենք պատժում, ու սրանք չեն հայտնվում ճաղերի ետեւում։
- Բայց եթե հանցանք չեն գործել, ո՞նց պատժեք։
- Երկիրն են թալանել, ո՞նց չպատժենք։
- Եթե թալանել են, վաղուց պետք է պատժած լինեիք, այ, իրենք խոստանում են իշխանության գալով, հայրենիքը հանձնածներիդ պատժել։
- Գլուխները քարին են տվել, որ ասում են՝ մենք երկիր ենք հանձնել, մենք երկիր չենք հանձնել, իրենք երկիրն այնքան են թուլացրել, դրա համար էլ երկիրը չի կարողացել պահել իրեն։
- Նորից վերադառնում ենք մոտավորապես «հա՞վն է սկզբում եղել, թե ձուն» բանավեճին․ փաստն այն է, որ ձեր իշխանության օրոք է այս ամենը տեղի ունեցել։
- Փաստն այդ չէ, կյանքում պատճառահետեւանքային կապ կա։ Նախկին իշխանությունները երկիրը թուլացրել են այն աստիճան, որ Ադրբեջանն ու Թուրքիան սպասել են այն պահին, երբ հասկացել են, որ Հայաստանն այլեւս չի թուլանում, հեղափոխությունը կանգնեցրել է բանակի թալանն ու ոչնչացումը, հակառակը՝ գնում է հզորացման, առողջացում է տեղի ունենալու, որն ի վնաս իրենց է, դրա համար էլ պատերազմ սկսեցին։
- Նիկոլ Փաշինյանը հուլիսին՝ տավուշյան դեպքերից հետո, ասում էր, որ ամենահզոր բանակն ունենք, բայց վերադառնանք մեր օրեր։ Ընդդիմությունը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հերթական վտանգավոր փաստաթուղթը ստորագրել՝ դեմարկացիա, դելիմիտացիա, ապաշրջափակում եւ այլն, բոլոր այս հարցերին վերջ դնել, ասում են` թույլ չենք տալու, կանգնեցնելու ենք պրոցեսը։
- Մեկ էլ նման բան չասեք՝ իրենք ժողովրդին մոլորության մեջ են գցում։ Երբ որ կլինի, թող այն ժամանակ էլ խոսեն։ Ես վստահ եմ, որ նման բան չի լինելու։
- Ի՞նչ չի լինելու։
- Այն, ինչ իրենք երազում են, որ ժողովուրդը հիասթափվի, եւ տեղի ունենա իշխանափոխություն։ Նրանց նպատակը ռեւանշ վերցնելն է ու իշխանության գալը, իրենց ուզածի չափ շարունակել երկիրը լափել։ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ տառապանքն իշխանությունը վերադարձնելն է, նա թքած ունի ամեն ինչի վրա, նա ո՛չ հայրենիքի մասին է մտածում, ո՛չ մեկի։
- Բայց պատերազմից հետո իշխանությունը խոնարհաբար կատարում է, չէ՞, հակառակորդի պահանջները, Գորիս-Կապան ճանապարհն անգամ մեզնից խլեցին, այն դեպքում, երբ, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, պատերազմի ավարտից հետո կողմերը պետք է մնային իրենց տեղերում։ Ու այսպես ամեն օր մի բան զիջում ենք։
- Ինչ վերաբերում է այդ ճանապարհին, ես զարմանում եմ, այո, Սովետական Միության ժամանակ այդ ճանապարհն Ադրբեջանի կազմով է գնացել։ Բայց չի կարելի դրա մասին անընդհատ խոսել։ Եթե նրանք ընդդիմություն լինեին, իրենց ամբողջ ռեսուրսները պետք է ներդնեին, որ երկիրն արագորեն զարգացներ ռազմարդյունաբերական ռեսուրսները, հզորանայինք, որ տեղն ընկած տեղը թուրքի գլուխը ջարդեինք։
- Դա իշխանության գործն է։
- Իրենք թույլ չեն տալիս, խառնում են, ինչ եկել են խորհրդարան, աշխատանքները նորմալ հունի մեջ չի մտնում։ Նրանք յոթ երգ գիտեն, յոթն էլ անգիր արած տեքստերով կարդում են։
- Ո՞ր երգը, որ դուք դավաճան եք ու հող հանձնո՞ղ, բայց դուք ձեր գործն արեք։
- Ես իմ գործն անում եմ։