Նոյեմբերի 3-ին Մոսկվան պաշտոնապես միացավ 3+3 ձեւաչափին, այդ նախաձեռնության առաջնորդությունը «համեստորեն» Թուրքիային ու Բաքվին զիջելով։ Ավելի վաղ Մոսկվան Հայաստանի դեմ ահաբեկչական արշավի ծրագրումն ու իրագործումը, հայ զինվորականների պատանդառությունը, միջանցքների, Բաքվի զինված ներխուժումների առաջնորդությունը մեծահոգաբար զիջել էր «թուրք-ադրբեջանական տանդեմին»։

Խոսքը տվյալ պարագայում հայկական այսպես կոչված իշխանական ու «ընդդիմադիր» քաղդասի ու մեդիա-փորձագիտական շրջանակների հայտնի հատվածի մասին է։ Մինչ ՌԴ հերթական խոստովանությունը, այս շրջանակները դեմ էին արտահայտվում 3+3-ին, այն իրավամբ գնահատելով որպես հակահայ, Հայաստանի դեմ ուղղված նախաձեռնություն, որին ոչ մի պարագայում չի կարելի համաձայնություն տալ։ Ըստ ամենայնի, երկար ժամանակ ՌԴ լռությունը (թեեւ եզակի մեկնաբաններ ու զլմ-ներ նշում էին դրա ռուսական առաջնորդության հանգամանքը), Վրաստանի ու Իրանի դիրքորոշումները մտայնություն էին առաջացրել, թե ՌԴ-ն դեմ է դրան, ինչպես նաեւ միջանցքներին։

Այն բանից հետո, երբ ՌԴ-ն պաշտոնապես միացավ 3+3-ին, սկսվեցին նեյնիմները՝ դե հո ռազմավարական դաշնակցին դեմ չենք գնալու, եթե չմիանանք՝ մենակ կմնանք տարածաշրջանում, դե ստիպված ենք համագործակցել, միայն թե Արցախի հարցը այդ ձեւաչափում չքննարկվի, եւ այլն, եւ այլն։

Կարելի է իհարկե քննարկել այս շրջանակների շարժառիթները, թեեւ դրանք պարզ են։ Շատ ավելի էական է այն հանգամանքը, որ այս շրջանակների միջոցով տեղի է ունենում հանրության՝ շինծու թեզերով քարոզչությամբ ապակողմնորոշումը ռուսը-թուրքից «անջատելու» դարավոր հնարքով, ինչն ապահովում է ռուս-թուրքական ծրագրերի իրագործումը՝ ճանապարհ բացելով «Հայաստանի թրքացման, նոր զիջումների ու նոր կապիտուլյացիայի» համար։ Այս կարգախոսներով դիմադրության շարժում հռչակած շրջանակներն ինչպե՞ս են դա պատկերացնում։

Դիմադրության համար իրավիճակի հստակ ու խորքային պատկերացումներ ու գնահատականներ են անհրաժեշտ՝ համապատասխան նախաձեռնություններով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն