Լիտվայի արտգործնախարարությունը խորհուրդ է տվել իր երկրի քաղաքացիներին լքել հարևան Բելառուսը և չուղևորվել այդ երկիր:

Այս մասին ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր կեսօրին:

«Կարևոր տեղեկություն. հաշվի առնելով մայիսի 23-ի իրադարձությունները՝ մենք թախանձագին խորհուրդ ենք տալիս, որ Լիտվայի քաղաքացիները չգնան Բելառուսի Հանրապետություն և հեռանան այդ երկրից»,- ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում:

Հիշեցնենք՝ Լիտվայի վարչապետ Ինգրիդու Սիմոնիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը չի ընդունի թռիչքներ, որոնք կհատեն Բելառուսի օդային տարածքը: Երկրի տրանսպորտի նախարարությունը հստակեցրել է, որ արգելքն ուժի մեջ կմտնի մայիսի 25-ից:

Տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսն այս առնչությամբ ասել էր, որ քաղաքացիները անվտանգ չեն նույնիսկ Բելառուսի օդային տարածքում: 

Հիշեցնենք, որ նախօրեին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:

Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:


Նյութի սկզբնաղբյուր՝ Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն