Տիրան Խաչատրյանը հրաժարվել է Վարչական դատարան ներկայացված մի հայցից և դրանով ներկայացված պահանջներից. պաշտպան
Տիրան Խաչատրյանը հրաժարվել է թիվ ՎԴ/3829/05/21 վարչական գործով ներկայացված հայցից և դրանով ներկայացված բոլոր պահանջներից։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Վարուժան Ավետիքյանը։
«Այդ հայցը կորցրել էր իր արդիականությունը, քանի որ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարար։ Երեք հայց կար Վարչական դատարանում, նախորդ երկու հայցերը շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսից Վարչական դատարանում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ազատման իրավաչափության եւ օրինականության գործով հայցադիմումը: Հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։