Հայաստանում աննախադեպ գնաճ է. ինչով է պայմանավորված բենզինի թանկացումը
Հայաստանում այս տարի գնաճը, վերջին տարիների համեմատ, աննանախադեպ է։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները: 2021 թվականին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ընդհանուր առումով 8.2% գնաճ է գրանցվել: Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների՝ մինչև 2021 թվականի տարեվերջ Հայաստանում բարձր գնաճը կպահպանվի, և միայն եկող տարվա սկզբից այն աստիճանաբար կթուլանա: Իհարկե, մեզ մոտ գնաճը ընդգրկել է թե´ սննդամթերքի, թե՛ մսամթերքի, թե´ հացի, թե´ ոչ պարենային ապրանքների, թե´ ծառայությունների շուկաներում, սակայն առանձնակի արագ տեմպեր է վառելիքի՝ բենզինի, հեղուկ գազի գներում։ Այս օրերին բենզալցակայաններում բենզինի ռեգուլյար տեսակի մեկ լիտրն արժե 500-510 դրամ, պրեմիումը՝ 520-530 դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մեկ տարում Հայաստանում վառելիքը մոտ 1,7 անգամ։ Մասնավորապես, 2021թ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ Հայաստանում բենզինի գները 60% թանկացել են, իսկ դիզելային վառելիքինը՝ 50%-ով։ ԵԱՏՄ բոլոր երկների համեմատ, Հայաստանն այն երկիրն է, որտեղ վառելիքի գներն ամենաշատն են թանկացել մեկ տարում, և ըստ տարբեր փորձագետների՝ մոտ ապագայում Հայաստանում վառելիքի գներում էական փոփոխություն չի լինելու։
«Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ, ով հաստատեց, որ Հայաստանի համար այս գնաճը վերջին 9-ը տարիների համար աննախադեպ է, բայց պետք է հասկանանք, որ հիմա ամբողջ աշխարհում է աննախադեպ գնաճը և տնտեսական խնդիրները։ Ըստ նրա՝պատճառն այն է, որ չարաբաստիկ կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական մեծ ճգնաժամի հետևանքով համաշխարհային շուկայում ստեղծվել է անհամապատասխանություն առաջարկի և պահանջարկի մեջ․առաջարկը դանդաղ է վերականգնվում պահանջարկի համեմատ,ստեղծվում է պակասորդ/դեֆիցիտ/ և գրանցվել է այսպիսի գնաճ: «Եթե լավ առևտրաշրջանառություն, կայուն զարգացած տնտեսություն ունեցող երկրներում դա այդքան զգալի չի լինում հանրության վրա, ապա մեզ նման երկրները զգայուն են այդպիսի փոփոխությունների հանդեպ»,- ընդգծեց տնտեսագետը։
Մենք փորձեցինք ճշտել, թե Հայաստանում բենզինի արագ տեմպերով թանկացման մեջ արդյոք դե՞ր ունի ներկրող տնտեսվարողների անբարեխղճությունը, մասնավորապես առանձին խոշոր ներկրողների մենաշնորհի ձգտումը՝ անկախ նրանից, որ Մրցակցային պաշտպանության հանձնաժողովը քանիցս պարզաբանել է, հայտարարություններ է տարածել, որ նման խնդիր իրենք չեն արձագանքել, խնդիրը կապված է հիմնավորապես այն երկրների շուկաներից, որտեղից մենք ներկրում ենք բենզինը, հեղուկ գազը։
Պարոն Քթոյանը պատասխանեց, որ մեր հնչեցրած մտահոգությունները ավելի շատ քաղաքական շահարկումների դաշտից են, քան իրական հիմքեր ունեն։ Նրա համոզմամբ՝ որոշ փորձագետներ այդպես են խոսում՝ ցույց տալու համար, որ մեզ մոտ մենաշնորհը չի վերացել, մրցակցային արդարությունը խախտված է, հակամրցակցային պայմաններ են նորից, ինչպես նախկինում էր։ Ըստ նրա՝ այսպիսի խոսակցությունների պատճառներից մեկը հավանաբար շուկայում նոր «Ռանօյլ» բենզին ներկրող կազմակերպության հայտնվելն է, որը, ըստ խոսակցությունենրի, կապվում է իշխող ուժի ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անձի հետ։ Այս փաստի հիման վրա՝ հաճախակի տարբեր փորձագետներ, առանց խորքային պատճառները նշելու, կարծիք են հայտնում, որ այդ պաշտոնյան, օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները, կարող է շուկայում արհեստական գնաճի և պակասորդի, բենզինի շուկայում ինչ-որ գաղտնի գործընթացների կամ պայմանավորվածությունների պատճառ դառնա։ Մասնագետի կարծիքով՝ թեև վառելիքի շուկան կենտրոնացած է և թիրախային և շատ հավանական են մեր պարագայում տնտեսվարողների միջև գաղտնի պայմանավորվածությունների հավանականությունը, սակայն գտնում է, որ այսպիսի նոր խաղացողի ի հայտ գալու հանգամանքը ավելի շատ նվազեցնում է այդ ներքին, գաղտնի համաձայնությունների ռիսկը, քան ավելացնում է։ « Ես կարծում եմ՝ խնդիրը առավելապես արտաքին գործոններով է պայմանավորված: Այդ են վկայում և´ իմ ուսումնասիրությունն ու տվյալները, և´ այդ հարցով զբաղվող Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը»,-շեշտեց տնտեսագետը։ Վերջինս մեզ հստակ պարզաբանեց՝ խնդիրն այն է, որ մենք բենզինը, վառելիքը հիմնականում՝ 70-75 տոկոսի չափով ներկրում ենք Ռուսաստանից, մի որոշ չափով էլ Իրանից և այլ երկրներից: Ռուսաստանն այնքան է զարկ տվել վառելանյութի արտահանմանը, որ ներքին շուկայում ստեղծվել է որոշակի դեֆիցիտ և այնպիսի չափերի, որ ՌԴ Կառավարությունը քննարկում էր արտահանման ծավալները նվազեցնել՝ ապահովելու համար ներքին պահանջարկ ու դիֆիցիտը, բայց, չգիտես ինչու, վերջում հրաժարվեց, ինչը նպաստեց մեր շուկայում գների բարձրացմանը։
Տնտեսագետը կարծում է, որ այս առումով որոշակի հավասարակշռություն կարող է մտցնել Իրանի շուկան, որը բավականին ձեռնտու և հեռանկարային է, բայց անտեղից կատարվող ներկրումների ծավալը առայժմ մեծ չէ, որպեսզի գործուն ազդեցություն ունենա շուկայի վրա։ «Ճիշտ է՝ Իրանի շուկայով ՌԴ-ի հետ շուկայի հավասարակշռությունը որոշակիորն վերականգնվում է, բայց միևնույն է, Իրանից ներկրման ծավալի ընդարձակման գործընթացը չի կարող այդքան արագ տեղի ունենալ, բացի այդ՝ գնաճը ամբողջ աշխարհում է և ներառում է գրեթե բոլոր տիպի ապրանքները, հատկապես նավթամթերքը, վառելիքը։ Այսինքն՝ պետք չէ սպասել մոտ ապագայի համար միանգամից կախարդական փոփոխություների։ Օրինակի համար՝ ֆիքսենք, որ հիմա Խաչատուր Սուքիասյանի հետ կապվող կազմակերպությունը Իրանից բերում է համեմատաբար ավելի մատտչելի բենզին, որը իրենց բենզալցակայաններում ընդամենը 10-15 դրամի չափով տարբերություն է տալիս։ Այսինքն՝ առայժմ չենք կարող ակնկալել, որ այն կհասնի 70-80 դրամի չափի փոփոխություն․դրա համար հսկայական ներդրումներ ու շուկայի մեծացում է անհրաժեշտ»,- ընդգծեց Քթոյանը։
Մենք ճշտեցինք, թե ինչու է հատկապես մեզ մոտ ամենաբարձր գները՝ համեմատած մեր հարևանների հետ և թե ինչ միջոցառումներ պետք է անեն պատկան մարմինները՝ խնդիրը կարգավորելու համար։ Քթոյանը կարծում է, որ կոնկրետ այս գործընթացում պետությունը շատ լիազորություններ չունի։ Պետություն այստեղ պետք է կարողանա ապահովել ազատ,անաչառ մրցակցային պայմաններ,ինչպես նաև տնտեսվարողների հետ համագործակցի և գտնի ներկրման շահավետ ուղիներ ու աղբյուրներ։ Մրցակցության պաշպանական հանձնաժողովը պետք է իր լիարժեք գործառույթն իրականացնի՝բացառելու համար շուկայում արհեստական մենաշնորհները, հնարավորություն ոչ ֆորմալ ձեւով որոշակի համաձայնությունների գալ ու որոշակի ժամանակահատված գները պահել ցանկալի մակարդակում։ Պարոն Քթոյանը խնդրի լուծման առումով մեր հնարավորությունները սահմանափակ է գնահատում։ Նա մեկնաբանում է, որ դա կապված է այլ երկրներից շատ ավելի էժան գնով բենզին ներկրելու սահմանափակ ընտրության հնարավորությունների հետ։ Որպես օրինակ՝ նա նշեց, որ մենք չենք կարողանում օգտվել բավականին էժան ղազախական դիզվառելիքից՝ լոգիստիկ-ճանապարհային խնդիրներից, անհարմարություններից ելնելով, անարդյունավետության պատճառով։ Հարևան երկրներում համեմամատաբար ավելի ցածր գների վերաբերյալ Քթոյանը պատասխանեց, որ այն պայմանավորված է այդ երկրներում որոշակի չափով վառելիքի արտադրություններ ունենալու հետ, բացի այդ՝ նրանք կարողանում են օգտվել ճանապարհներից, իսկ մենք այդ հարցում լայն ընտրություն չունենք։ Նա մեզ հայտնեց, որ որոշ փորձագետներ ասում են՝ իբր քիչ քանակով բենզին ներկրվում է նաև Ադրբեջանից, բայց դա այնքան չէ, որ կշիռ ունենա, գների վրա ազդի, իսկ ավելի շատ ներկրելու հնարավորություն չկա։
«Հետևաբար մեզ մնում է հիմնական երկու շուկա՝ Ռուսաստան և Իրան, որոնցից էլ պետության օգնությամբ տնտեսվարողները օգտվում են։ Այնպես որ մեզ տրված հնարավորություններից էլ օգտվում ենք։ Հետևաբար պատկան մարմիններից պետք չէ սպասել ավելի մեծ աջակցություն, միջամտություն։ Այսպիսով՝պետք է ընդունենք, որ մեր շուկան մեծ չէ, ունենք փակ սահմաններ և բարդ հարաբերություններ որոշ հարևանների հետ, որը անպայմանորեն իր բացասական հետևանքներն է ունենում մեր տնտեսության վրա, իսկ բենզինի շուկայի մեծացման համար խոշոր ներդրումներ են հարկավոր, որը մեր փոքր շուկայի տեր երկրի համար դժվար թե արդյունավետ,աշխատող լինի։ Կրկնում եմ՝ համաշխարհային տնտեսական ցանկացած գործընթաց, ինչ-որ փոփոխություն անմիջապես զգացվում է Հայաստանի տնտեսության մեջ, իսկ ճգնաժամը՝ մի քանի անգամ ավելի ուժգին»,-եզրափակեց մեր զրուցակիցը։