ԱՄՆ  նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ոչ մի նախագահ երբեք իրենից ավելի լավ բարեկամ չի եղել Իսրայել պետության համար»:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նախկին ղեկավարն ասել է Հանրապետական հրեական կոալիցիայի անդամներին իր ուղերձում:

Թրամփը թվարկել է իր վարչակազմի՝ ի շահ Իսրայել պետությանն արված գործողությունները, ներառյալ ԱՄՆ-ի հակասական քայլը՝ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը, Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի միջև Աբրահամյան համաձայնագրերի ստորագրումը, Իրանի միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալը:

Մինչդեռ Թրամփի օրոք փոխնախագահ Մայք Փենսը միջոցառման ժամանակ ասել է, որ ներկայիս նախագահ Ջո Բայդենը «երես է թեքել Իսրայելից»։ Այսպես նա մեկնաբանել է Բայդենի վարչակազմի կողմից Երուսաղեմում պաղեստինցիների համար ԱՄՆ հյուպատոսությունը վերաբացելու ծրագիրը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իսրայելն ուժեղացրել է իր հակազդեցությունն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Երուսաղեմում պաղեստինցիների համար ԱՄՆ հյուպատոսությունը վերաբացելու ծրագրի դեմ՝ առաջարկելով, որ նման առաքելությունը պետք է լինի Արևմտյան ափում:

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և արտգործնախարար Յաիր Լապիդը բողոքել են պաղեստինցիներին սպասարկելու համար Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսության բացման դեմ։

«Երուսաղեմում տեղ չկա ամերիկյան հյուպատոսության համար, որը սպասարկում է պաղեստինցիներին։ Երուսաղեմն Իսրայել պետության միակ մայրաքաղաքն է»,- ասել է Բենեթը Լապիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Եթե ամերիկացիները ցանկանում են հյուպատոսություն բացել Ռամալլահում, մենք դրա հետ ոչ մի խնդիր չունենք... Երուսաղեմում ինքնիշխանությունը պատկանում է միայն մեկ երկրի՝ Իսրայել պետությանը»,- իր հերթին ասել է Լապիդը։

Հայտնի է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնն ուրախացրել էր իսրայելցիներին և զայրացրել պաղեստինցիներին՝ ԱՄՆ դեսպանատունն Իսրայելում Թել Ավիվից տեղափոխելով Երուսաղեմ:

Պաղեստինցիները ցանկանում են, որ Արևելյան Երուսաղեմը լինի իրենց ապագա պետության մայրաքաղաքը և, ուստի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը համարում են այդ ձգտումը խաթարող: Իսրայելը, որը գրավել է Արևելյան Երուսաղեմը 1967 թվականին, Երուսաղեմն անվանում է իր անբաժանելի մայրաքաղաքը։

Պաղեստինցիների հետ կապերը շտկելուն ձգտող Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ կվերաբացնի հյուպատոսությունը, թեև ժամկետ չի նշել:

Մինչդեռ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի խոսնակը հայտարարել է.«Մենք կընդունենք միայն ԱՄՆ հյուպատոսությունը Երուսաղեմում՝ Պաղեստինի պետության մայրաքաղաքում: Դա այն էր, ինչ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր և պարտավորվել էր անել»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն