Այն դպրոցները, որտեղ կլինեն համավարակի բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման. նախարար
Հայաստանում դպրոցներում կշարունակվի առկա ուսուցումը, սակայն այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Նախարարի հրամանով սահմանված է, որ այն դպրոցներում, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կունենանք դեպք կամ ընդհանուր դպրոցի ուսուցչական կազմի մեջ կունենանք որոշ դեպքեր, միանգամից կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմի»,-հիշեցրեց Ավանեսյանը:
Ժամանակագրական առումով պատկերացում չկա, թե համավարակը երբ կավարտվի: Եթե նախորդ տարի կտրուկ լոքդաուններն արդարացված են եղել, և թույլ են տվել առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, ապա, նախարարի խոսքով, դրանք անընդհատ պահպանելը երկարաժամկետ առումով բավականին վնասակար հետևանքներ է ունենում:
«ԱՀԿ-ն էլ իր ուղեցույցներում նշում է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմներով վարումը պետք է հնարավորինս կարճ ընթացքներով իրականացնել, քանի որ մենք ունենք նաև մեր երեխաների թե հոգեկան առողջության, թե զարգացման, թե թերսնուցման և թե մի շարք այլ խնդիրներ, որոնց վրա չենք կարող աչք փակել»,- ասաց Ավանեսյանը:
Ավանեսյանը նշեց, որ ինքը, որպես առողջապահության նախարար, որքան էլ հակված լինի նրան, որ լոքդաունները շատ արդյունավետ, կարճաժամկետ արդյունք են ցույց տալիս, սակայն բացվելուց հետո կրկին նկատվում է հիվանդության աճ:
Բուհերը դեռ առցանց են անցկացնում դասերը: «Բայց դպրոցները կշարունակեն այս սկզբունքով: Այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կգնան հեռավար ուսուցման կարգի»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ թիրախային մոտեցում կկիրառեն: