Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այս պահին դիմակի կրումը ցանկությամբ չէ, օրենքի պահանջ կա, և բոլորը պետք է ենթարկվեն օրենքի պահանջին։

«Մենք Հայաստանում ունենք լարված համաճարակային վիճակ, և բոլորը հավասար կերպով պետք է ենթարկվեն օրենքի պահանջին։ Ի՞նչ կապ ունի պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, եթե մարդը խախտել է պահանջը, պետք է տուգանվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը։

Անդրադառնալով Սյունիք և Տավուշ սանավիացիայով մեկնելուն, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հարցին արդեն անդրադարձել է։

«Եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ ուղևորվել հեռավոր մարզ շտապ կերպով, օգտագործվելու են բոլոր միջոցները, եթե այլ հարցեր ունեք, գրավոր կտաք՝ կպատասխանենք»,- հակիրճ պատասխանեց Անահիտ Ավանեսյանը՝ չմանրամասնելով, թե որքան գումար է  ծախսել այդ այցերի ժամանակ։

Նախարարի մեկնաբանությամբ՝ կորոնավիրուսի թե այլ պարագայում, որոնց դեպքում սանավիացիան օգտագործելու անհրաժեշտության մասին հստակ նշված է, հետևաբար՝ իր համար դրա վերաբերյալ հարցն անհասկանալի է։

«Սանավիացիայով իմ ուղևորությունները նպատակային եմ համարում, եթե օգտվել եմ, ուրեմն՝ այո, նպատակային եմ համարում»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է  մամուլի այն հրապարակումներին, որ Կառավարությունը քննարկում է հարց, որպեսզի չպատվաստվածներն օգտագործած գազի և էլեկտրաէներգիայի դիմաց ավելի  շատ վճարեն, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։

«Ինքս նման որոշման մասին տեղյակ չեմ»,- հավելեց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց նաև, որ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ գերծանրաբեռնված։

«Ազատ տեղեր չունենք, ունենք հերթում սպասող քաղաքացիներ։ Այդ հերթի թիվը մի փոքր նվազել է, որը շատ կարևոր է, ուրախալի է։ 3100-ին մոտ մահճակալները ամբողջ ծավալով օգտագործվում են։ Թթթվածնային, դեղորայքային ներուժը մոբիլիզացված է, որպեսզի կարողանանք օգնություն ցուցաբերել կորոնավիրուսով վարակված հայրենակիցներին։ Լուծումը պետք է լինի պատվաստումը, իսկ դիմակներն էլ այս պահին, որպես կարճաժամկետ կարևոր միջոցառում՝ խիստ կերպով ցուցված են»,- նշեց Առողջապահության նախարարը։

Զվարթ Խաչատրյան

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն