«Նման կեղտոտ հնարքը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների». Կադիրովը դիմել է ՌԴ նախագահի վարչակազմին և Պետդումային՝ կապված Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության հետ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է ՌԴ նախագահի վարչակազմին, Պետդումայի պատգամավորներին և իրավապաշտպաններին՝ խնդրելով կանգնեցնել հասարակության միասնությունը կործանելու միտումը: Կադիրովը դիմել է նաև լրագրողներին՝ խնդրելով «թույլ չտալ համացանցում վիրավորել միլիոնավոր ռուսաստանցիների կրոնական և ազգային զգացմունքները»:
Այս մասին հայտնում է Свободная Пресса-ն՝ նշելով, որ նման դիմումների համար պատճառ է դարձել Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը, որում վերջինս մեկնաբանել էր Նոր Մոսկվայում 4 երիտասարդի հարձակումը հոր և երեխայի վրա:
Սիմոնյանի խոսքով՝ «ազգությամբ կովկասցիները» և «դրսից եկածները» «վեր-վեր են ցատկում»: Նա գրել է, որ երկրում կարող են գրանցման հետ կապված ավելի խիստ կանոններ սահմանվել, երբ գրանցումն սկսեն ստուգել մետրոյի յուրաքանչյուր կայարանի մոտ:
«Դիմում եմ ՌԴ նախագահի վարչակազմին, Պետական դումային, իրավապաշտպաններին և բոլորին, ում համար միևնույն չէ երկրի ապագան: Այս միտումը պետք է կանգնեցվի և պետք է թույլ չտալ համացանցում միլիոնավոր ռուսաստանցիների ազգային և կրոնական զգացմունքները վիրավորելը»,- գրել է Կադիրովն իր թելեգրամյան ալիքում:
Նրա կարծիքով՝ «նման կեղտոտ հնարքը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների», և կմեծանա մի ամբողջ սերունդ, որը կմտածի, որ Կովկասն առանձին պետություն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կադիրովն արդեն քննադատական գրառում էր արել՝ կապված Սիմոնյանի հայտարարության հետ:
Tert.am