Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7,5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ․ նա չի հայտարարագրել տնօրենի պաշտոնը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9 տարի, այդ թվում՝ նախագահ եղած ժամանակ, տնօրենի պաշտոն է զբաղեցրել ֆրանսիական «VH Estate» ընկերությունում, որը 2010 թ. 7.510.000 եվրոյով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի հարուստ թաղամասերից մեկում՝ 8-րդ շրջանում, Ելիսեյան դաշտերի հարեւանությամբ:
2010 թ. Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանը, եւ վերջինիս դուստրը՝ Տաթեւիկ Սարգսյանը, Փարիզում «VH Estate» անունով ընկերություն են հիմնել: Սա իր տեսակով քաղաքացիական ընկերություն է՝ «société civile», ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում: Ֆրանսիայում անշարժ գույք տիրապետելու եւ կառավարելու համար, որպես կանոն, կիրառվում են «société civile immobilière» տիպի ընկերություններ: Սարգսյանների «VH Estate»-ի գործունեության տեսակ է նշված Ֆրանսիայում եւ արտասահմանում անշարժ գույքի ձեռքբերումն ու կառավարումը, սպասարկումը, վարձակալության տրամադրումը («société civile» տիպի ընկերություններին թույլատրվում է գույքը վարձակալության հանձնել ու եկամուտ ստանալ):
Հիմնադրման ժամանակ 1000 եվրո կանոնադրական կապիտալով ընկերության 99 տոկոսը գրանցվել է Կարինե Սարգսյանի անունով, իսկ 1 տոկոսը՝ Տաթեւիկի: Ընկերության մասնակից չհանդիսացող տնօրենը (gérant non associé) 2010-2019 թթ., ըստ փաստաթղթերի, եղել է Արմեն Սարգսյանը, որը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ի ապրիլին: Ա. Սարգսյանը երկու որդի ունի՝ Վարդանն ու Հայկը, որոնց անվան սկզբնատառերը, ինչպես տեսնում ենք, համընկնում են ընկերության անվանը:
«VH Estate» ընկերությունը խոշոր վարկով գույք է գնել Փարիզում
«VH Estate»-ը 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզում 2010 թ. ամռանը: Ընկերությունը ոմն Լուկասից ընդհանուր 7.510.000 եվրոյով գույքը գնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ շրջանում, որն աշխարհին առավել հայտնի է Ելիսեյան դաշտերով (Շանզ Էլիզե պողոտա): Սարգսյանների գույքը Փարիզի Հաղթական կամարից 500 մ հեռավորության վրա է՝ Օշ պողոտա 2 հասցեում:
Գործարքի շրջանակներում «VH Estate»-ը 7.510.000 եւ 240.000 եվրո չափերով երկու վարկ է վերցրել ֆրանսիական «Société Générale» բանկի ստորաբաժանման՝ «SG Private Banking»-ի Մոնակոյի մասնաճյուղից՝ գրավ դնելով ամբողջ գույքը: Վարկերը եղել են անտոկոս եւ դրանց մարման վերջնաժամկետ էր սահմանվել 2018-ի հունիսը: Սակայն, բացի վարկերից, «VH Estate»-ը պետք է յուրաքանչյուր վարկի 20 տոկոսի չափով ապահովագրության վճար մուծեր գրավադրված գույքի համար, այսինքն՝ 1.502.000 եւ 48.000 եվրո:
2017-ի աշնանը տեղի է ունեցել սուբրոգացիա՝ «SG Private Banking (Monaco)»-ի փոխարեն ընդհանուր 7.750.000 եվրո վարկի կրեդիտոր է ձեւակերպվել շվեյցարական «Union Bancaire Privée» (UBP) բանկի Մոնակոյի մասնաճյուղը: Սարգսյանների ընկերության համար վարկային պարտավորության կատարման ժամկետ է նշվել 2023 թ. հոկտեմբերը: Վարկի տոկոսադրույքը սահմանվել է 1,3 տոկոս, իսկ գրավադրված գույքի ապահովագրության վճարը՝ 10 տոկոս՝ 775.000 եվրո:
Բացի գրավադրված 2 միավոր գույքից՝ 2017 թ. դեկտեմբերին Կարինե Սարգսյանը հօգուտ «UBP»-ի գրավադրել է «VH Estate»-ում իր ունեցած 99 % բաժնեմասը՝ որպես 7.750.000 եվրո ընդհանուր վարկի վճարման երաշխիք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։