Հայաստանում վճռվում է Ռուսաստանի լինել-չլինելու հարցը․ 200-ամյա արյունոտ շրջանը մոտենում է ավարտին
Հայաստանի դեմ Արցախում Մոսկվա-Անկարա կոալիցիայի պատերազմը, որ խլել է ավելի քան 4000 հայերի եւ ավելի քան 20 հազար մերձկասպյան պրոքսի-թուրքերի կյանքը, «հետպատերազմյա կարգավորման» փորձերը հիբրիդային պատերազմի աննախադեպ ծավալներով Հայաստանից հստակ գնահատականի կարիք ունեն։ Կարսի պայմանագրի թարմացման փորձերը Երեւանին պարտադրվող սահմանազատման ու խաղաղ պայմանագրերով վկայում են թշնամական տանդեմի բուն նպատակները, ինչի համար էլ սանձազերծվել էր այդ պատերազմը։
Արցախի օկուպացիային հետեւել է հայ ինքնության հենասյուների՝ լեզվի եւ հավատքի դեմ աննախադեպ արշավը՝ հայկական եկեղեցիների բռնագրավման փորձերով, որը Կրեմլի հովանավորությամբ իրագործում է ՌՈՒԵ Մոսկվայի պատրիարքարանը։ Սա վկայում է տանդեմի սանձազերծած պատերազմը կրում է նաեւ հակաքաղաքակրթական բնույթ՝ ցեղասպանության ակնհայտ նշաններով։
Մոսկվան Արցախում զորք մտցրեց՝ Հադրութն ու Շուշին Բաքվին հանձնելու եւ ԼՂՀ կարգավիճակը ոչնչացնելու դիմաց՝ Սոթք-Խոզնավար գծով ձեւավորելով ռազմական ներկայության ճակատային գիծ՝ Կովկասից անխուսափելի նահանջը հնարավորինս սահուն ու անկորուստ իրագործելու նպատակով։ Սահմանազատման ու միջանցքների հարցում Ռուսաստանն անցել է իր համար ճակատագրական գիծը։ Նահանջի ճանապարհին Հայաստանը պետք է վերանա՝ այն թուրքերին հանձնելով, միայն թե «բաժին չհասնի» Արեւմուտքին կամ մաս չդառնա միջազգային որեւէ նախագծի։
Ռուսաստանի առաջին դեմքերը խոստովանել են պատերազմը նախաձեռնելու եւ թուրքերի հետ համատեղ օպերացիա իրականացնելու, «հետպատերազմյա կարգավորման» իրենց առաջնորդությունը։
Վերջին օրերին ռուսական փրկչական միֆը վերակենդանացնելու փորձերը մի կողմից զավեշտալի են՝ ռուս-թուրքական պատմական ներդաշնակության վառ դրսեւորումներով, մյուս կողմից վկայում են նոր սադրանքների դիմելու հնարավորության մասին։ Այդ միֆն այլ կերպ հնարավոր չէ պահել։ Ռուսաստանը լիովին ձախողել է իր քաղաքականությունը Կովկասում։
Հայաստանում որոշվում է Ռուսաստանի լինել-չլինելու հարցը: Երեւանի հրաժարումը Հայաստանի վերացման պայմանագրերից քանդելու է Մոսկվա-Անկարա դաշինքի ծրագրերը։ Ուզում են հայերը նման առանցքային դեր խաղալ, թե չեն ուզում՝ պատմության հեւքն է դա: Ով ստեղծել է այդ իմպերիան՝ նա էլ տնօրինելու է դրա բախտը: Ավելի պարզ՝ կամ Հայաստանը, կամ Ռուսաստանը՝ 200-ամյա արյունոտ շրջանը մոտենում է ավարտին։
Խաղաղության դարաշրջանի ու արժանապատիվ խաղաղության սազանդարներն ու հայ եկեղեցու դեմ արշավը Ալլահշուքյուրի քմահաճույքներին վերագրող Կաթողիկոսը պատկերացնո՞ւմ են տեղի ունեցողի խորքն ու մասշտաբը։
Lragir.am