Առանց տարբերության. պաղեստինցիները կարծում են, որ Իսրայելի կառավարության փոփոխությունը և Նեթանյահուի հեռանալը դժվար բարելավի իրենց կյանքը
Պաղեստինցիները կարծում են, որ Իսրայելի կառավարության փոփոխությունը և Բենյամին Նեթանյահուի հեռանալը դժվար բարելավի իրենց կյանքը, քանի որ, այսպիսով, վարչապետի պաշտոնը ստանձնելու է «Յամինա» կուսակցության ազգայնական առաջնորդ Նաֆթալի Բենեթը, որը Նեթանյահուի նախկին դաշնակիցն է և հավանաբար շարունակելու է նույն աջակողմյան օրակարգը, հայտնում է Al Jazeera լրատվականը։
«Պաղեստինի ազատագրման կազմակերպության» (ՊԱԿ) ներկայացուցիչ Բասեմ ալ Սալհին ասել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնող անձը ոչ պակաս ծայրահեղ է, քան Նեթանյահուն։ «Նա դեռ անպայման ցույց կտա, թե որքան ծայրահեղ է կառավարությունում»։
Հայտնի է, որ Բենեթը կողմ է եղել 1967 թվականի պատերազմում Իսրայելի գրաված տարածքները պետության կազմում ներգրավելուն, սակայն վերջին շրջանում առաջարկում է պաղեստինցիների համար մեղմել պայմանները։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի մամուլի խոսնակ Հազեմ Քասեմն, իր հերթին, ասել է․ «Պաղեստինցիները պատմության ընթացքում տասնյակ իսրայելական կառավարություններ են տեսել՝ աջակողմյան, ձախակողմյան, կենտրոնամետ, ինչպես իրենք են ասում: Սակայն նրանք բոլորն էլ թշնամաբար են տրամադրվել, երբ խոսքը վերաբերվել է Պաղեստինի ժողովրդի իրավունքներին»։
Պաղեստինյան ազգայնական «Բալադ» կուսակցության առաջնորդ Սամի Աբու Շեհադեհն, իր հերթին, նշել է, որ խնդիրը ոչ թե Նեթանյահուի «անձն» է, այլ Իսրայելի վարած քաղաքականությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, կոալիցիան կազմվել է «Յեշ Ատիդ» կուսակցության, «Յամինա» կուսակցության և Իսրայելի արաբներին ներկայացնող «Ռաամ» կուսակցության միջև, որոնց հիմնական նպատակը Նեթանյահուին իշխանությունից հեռացնելն է։ Վերջին տասնամյակների ընթացքում սա առաջին դեպքն է, որ Իսրայելի արաբներին ներկայացնող կուսակցությունը կոալիցիայի մաս է կազմում։
«Ռաամ» կուսակցության առաջնորդ Մանսուր Աբբասն ասել է․ «Որոշումը դժվար էր, և կային մի քանի հարցեր, սակայն կարևոր էր համաձայնությունների հասնելը։ Մենք որոշեցինք միանալ կառավարությանը, որպեսզի փոխենք երկրում քաղաքական ուժերի հավասարակշռությունը»: