«3+3» ֆորմատը ֆրանկոֆոն երկրների միության նման անորոշ միավոր է լինելու
Մինչ Փաշինյանը Հ1-ի եթերում հայտարարում է, որ նոյեմբերի 9-ին հանդիպելու որեւէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, Կրեմլի խոսնակն ասում է, որ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով։ Ռուս քաղաքագետ, հրապարակախոս Վադիմ Դուբնովի կարծիքով՝ այստեղ «նեստիկովըչկա» չկա․ ամեն ինչ շատ պարզ է։
«Ըստ ամենայնի, կա ինչ-որ պայմանավորվածություն այն մասին, թե որ կողմը կհայտարարի հանդիպման մասին։ Ինչպես հայտնի է՝ ոչ մի հանդիպում... ամսի 10-ի տեսակոնֆերանսն է, որն ընտրված է, որպեսզի հասարակություններին հեռու պահեն ինչ-որ գերսպասումներից եւ ի ցույց դնեն, որ կողմերը չեն եկել այնպիսի պայմանավորվածությունների, որոնց տակ կարելի է շատ լուրջ ստորագրություններ դնել։ Կարծում եմ՝ լինելու է հերթական ինչ-որ մի դեկլարացիայի, հայտարարության նման մի բան։ Ժեստ՝ հոբելյանին, որի ժամանակ բոլորը կասեն, թե ինչպես է անցել պատերազմից հետո այս մի տարին, կուրվագծեն ծրագրերը, որոնք ոչ մեկին իրավաբանորեն ոչնչի չեն պարտավորեցնում։ Եվ աշխատանքները կշարունակվեն»։
Ըստ Դուբնովի՝ ոչ միայն վերջնական, այլեւ միջանկյալ, անգամ միջնաժամկետ կտրվածքով պայմանավորվածություններ ձեռք բերված չեն։ Այդ դեպքում ինչո՞ւ է հանդիպումը նախատեսվել, այն կարող էր պարզապես չկայանալ։ Թե՞, ինչպես հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը, շատ կարեւոր է հանդիպման սիմվոլիկան, արդյունքները։ Դուբնովը համաձայնեց՝ սիմվոլիզմը նույնպես քաղաքականություն է։ Ի վերջո, մեկ տարի է անցել, կողմերն ինչ-որ հայտարարություններ պետք է անեն, որոնց պետք է լինեն տողատակեր, բայց ոչ մի իրավաբանորեն կաշկանդող ստորագրություն։ Հավելեց, որ, այո, այն կարող էր եւ տեղի չունենալ, բայց կողմերը որոշել են, որ քանի որ մեկ տարի է անցել, այն «նշանավորել» ինչ-որ մի՝ ոչ մեկին իրավաբանորեն չկաշկանդող հայտարարությամբ։
Խոսելով «3+3» ձեւաչափի մասին՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, չի բացառել այն․ ռուսաստանցի քաղաքագետը խոստովանեց, թե այնքան էլ չի հասկանում, թե «ինչի մասին է դա»․ ինչ-որ նոր միությո՞ւն, տնտեսաքաղաքական միավո՞ր՝ ԳՈՒԱՄ-ի կամ Վիշեգրադյան խմբի նման։ Ամեն դեպքում, վստահեցրեց՝ այն չի լինելու, եւ ոչ ոք չի նախատեսում։ Նրա բնորոշմամբ՝ կարող է լինել «համագործակցության ինչ-որ մի առաջարկ», «հեռահաղորդակցությունների ու միջանցքների ապաշրջափակման, նոր ճանապարհների ինչ-որ քողածածկույթ», երկրների ակումբ, որոնց տարածքներով անցնում են այդ երթուղիները, ոչ ավելին։
«Եվ, հետեւաբար, վեճերը՝ մտնել-չմտնել, անիմաստ են։ Դե, օրինակ, կա այսպիսի մի կազմակերպություն՝ ֆրանկոֆոն երկրների միություն, որտեղ նրանից՝ մտնում ես, թե ոչ, որեւէ մեկին ո՛չ լավ, ո՛չ վատ է լինում։ Սա էլ դրա նման մի միավոր է, ընդ որում՝ ավելի անորոշ»,- ասաց Վադիմ Դուբնովը։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մեզ հետ զրույցում կասկած էր հայտնել առ այն, թե որքանով Մոսկվան գործնականում հավատարիմ կլինի օրերս արված իր պաշտոնական այն հայտարարությանը, որ, ըստ էության, Սյունիքի միջանցք չի լինելու։ Այսինքն, որ դրա վերահսկողությունն այդ պետության սուվերեն իրավունքն է։ Եվ նաեւ հայտարարել էր, թե բոլորը կարծում են, որ Հայաստանի տարածքով Նախիջեւանն ու Ադրբեջանն իրար կապող միջանցքի վրա պնդում են Ալիեւն ու Էրդողանը, բայց նաեւ Մոսկվան է դա միանշանակ պնդում։ Իսկ այդ գործոնը հաշվի չառնել անհնար է։ Դուբնովը համաձայնեց, որ՝ այո, Ռուսաստանը շահագրգռված է դրանում, քանի որ դա Մոսկվա-Անկարա բանակցությունների էական մասն է։ Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով Ռուսաստանը տեր կկանգնի իր խոսքին, ապա, քաղաքագետը չի կարծում, որ այն էքստերիտորիալ կարգավիճակ կունենա։
«Իհարկե, հնարավոր են տարբեր մոդելներ, քննարկվում է ռուսական վերահսկողությունը, բայց ես, եթե անկեղծ՝ չեմ հասկանում, թե այդտեղ ինչ է նշանակում ռուսական վերահսկողությունը։ Բայց, ըստ իս, կլինեն բաց կոմունիկացիաներ, որտեղ կողմերը քիչ թե շատ կերաշխավորեն այդ ուղղության անվտանգությունը։ Ու թեեւ այնտեղ շատ հարցեր կան, բայց կարծում եմ, որ եթե այնտեղով անցկացնելու բան լինի, քաղաքական հարցերն արագ կլուծվեն»,- ամփոփեց ռուսաստանցի վերլուծաբանը։
hraparak.am