Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման 1-ամյակին եռակողմ հանդիպում ծրագրված չէ. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չափազանց կարևոր է, դժվար է գերագնահատել դրա արժեքը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մեկ տարվա վաղեմություն ունեցող փաստաթղթերը շատ ենք կարևորում, դրանք կարևոր են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար, դրանք փաստաթղթեր էին, որոնք թույլ տվեցին դադարեցնել պատերազմը և կանգնել տարածաշրջանային տնտեսության ու ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները տարածաշրջանում կատարում են իրենց գործառույթները, ապահովում են անվտանգությունը, կրակի դադարեցման ռեժիմի մշտադիտարկումը, փախստականների վերադարձի գործընթացը: «Դա չափազանց կարևոր է: Ուստի շատ դժվար է գերագնահատել փաստաթղթերի ստորագրման նշանակությունը»,- ընդգծել է Պեսկովը:
Նա տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև շփումները ծրագրված չեն եռակողմ հայտարարության ստորագրման 1-ամյակին: «Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի հետ շփմանը, Մոսկվան այն իրականացնում է տարբեր մակարդակներով ու բացառապես պարբերական հիմքով: Ինչ վերաբերում է եռակողմ շփմանը, եթե նման պայմանավորվածություն լինի, մենք ձեզ տեղյակ կպահենք: Ներկա պահին որևէ հստակ բան չկա»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
1in.am