ՀՌՀ նախագահն առաջարկում է հեռուստաընկերությունների համար «Գովազդի մասին» օրենքի կիրառումը հետաձգել 1-2 տարով
«Գովազդի մասին» օրենքի կտրուկ փոխելը բացասաբար կազդի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների գործունեության, եկամուտների վրա և բովանդակության որակի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գովազդի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Կորոնավիրուսի բռնկումից և Արցախյան պատերազմից հետո հեռուստառադիոգովազդային շուկան գրեթե փլուզվեց, և մեր հանձնաժողովի վերլուծությունները ցույց են տալիս, որ շահումով խաղերի գովազդի եկամտի տեսակարար կշիռը 7 տոկոսից աճել է 12-15 տոկոս։ Որոշ հեռուստառադիոընկերություններում շահումով խաղերի գովազդներից ստացած եկամուտները կազմում են մինչև 15 տոկոս։ Այստեղ երկու հանգամանք կա՝ մենք խոսում ենք միայն հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների մասին, որոնք 2020 թվականին ընդունված օրենքով կատարում են որոշ գործառույթներ, որոնք բարձրացնում են հաղորդումների պատրաստման ինքնարժեքը և հավելյալ ֆինանսական ծախսեր են պահանջում։ Երկրորդ, երբ անցած տարի մրցույթը կայացավ, այն բոլոր մասնակիցները, որոնք մասնակցում էին սլոթերի համար մրցույթին, տվել էին զարգացման 7 տարվա ծրագիր, և բնական է, որ իրենց բյուջեներում հաշվարկել են բոլոր այն եկամուտները, որոնք պետք է ստանան նաև շահումով խաղերի գովազդից»,-ասաց նա։
Ըստ ՀՌՀ նախագահի՝ հանրային մուլտիպլեքսում գործող բոլոր հեռուստաընկերությունները և հաճախություններ օգտագործող ռադիոընկերությունները բավական մեծ ծախսեր ունեն՝ համեմատած ինտերնետ հեռարձակողների կամ կայքերի հետ․ ազդանշան տարածելու բավականին մեծ ծախսեր, հարկեր և այլն։
«Այդ պարագայում, երբ հանրային մուլտիպլեքսի էությունն այն է, որ նրանք կարողանան փող գեներացնել և պատրաստել հանրօգուտ հաղորդումներ, հիմա այդպիսի սահմանափակում մտցնելը, ես կարծում եմ, շատ չմտածված քայլ է»,-ասաց նա։
Հակոբյանը նշեց, որ գովազդի մասին օրենքը արմատական փոփոխության կարիք ունի, այն հետ է ընկել այսօրվա տեխնիկական ամբողջ միջավայրից։
«Մեր առաջարկն է, որ հաշվի առնելով այս մի քանի հանգամանքն ու տասնյակ այլ գործոններ, հանրային մուլտիպլեքսում գործող ընկերությունների համար այս օրենքի կիրառումը հետաձգել ինչ-որ ժամանակով՝ մեկ կամ երկու տարով, որ կարողանան պատրաստվել, հայթայթել եկամուտների նոր աղբյուրներ»,- եզրափակեց Հակոբյանը։
Lragir.am