Բրիտանացի վերլուծաբան Թոմաս դը Վաալը հարցազրույց է տալիս «Ազատությանը»

«Երբ ես այդ հարցը քննարկում եմ որոշ ադրբեջանցիների հետ, նրանք ասում են` «դե մենք հիմա գերիշխող դիրք ունենք և ուզում ենք օգտագործել պահն ու ստանալ հայերից ամեն ինչ»․ - ռուսական "Коммерсантъ"-ը երեկ մեծ հարցազրույց է հրապարակել Թոմաս դը Վաալի հետ՝ «Քսանհինգ տարիները պարզապես կորցրել են» վերնագրով։

Բրիտանացի լրագրողն ու վերլուծաբանը հարցազրույցում ասում է, թե Բաքուն որդեգրել է հայերին առավելագույնս ճնշելու ռազմավարություն՝ «քանի դեռ Մոսկվան Բաքվին այս հարցում չի խանգարում» տրամաբանության շրջանակում։ Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն, օրինակ, կես տարի անց, «Սև այգի» գրքի հեղինակի համոզմամբ՝ մեծապես կախված է Ռուսաստանի իշխանություններից։

Առանց մեծ պատերազմի 25 տարիները հակամարտող կողմերը հենց այնպես կորցրել են, ասում է դը Վաալը և պնդում՝ գրեթե նույն արդյունքը, ինչ կողմերը ստացան 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, նրանք կարող էին ստանալ և առանց պատերազմի։ Ընդ որում, սրանում վերլուծաբանը մեղադրում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին, այլ նաև միջնորդներին։

«Սա երևի Նիկոլ Փաշինյանի մեծ ձախողումն է, որ ընտրություններում ժողովրդավարական հաղթանակի տեսքով առավելություն ունենալով՝ նա այնքան քիչ բան արեց Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Տպավորություն կա, որ մինչ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր միայն ներքին հարցերով», - նշում է Թոմաս դը Վաալը։

Մյուս կողմից, ասում է նա, միջազգային հանրությունը նույնպես առավելագույնը չի արել ղարաբաղյան խնդիրը խաղաղ՝ քաղաքական ճանապարհով կարգավորելու համար․ -

«Ինչ վերաբերում է արևմտյան երկրներին, նրանց թույլ տեղն այն էր, որ նրանք միշտ պատրաստ էին քննարկել այդ հարցի քաղաքական կողմը, բայց անվտանգության հարցը՝ ոչ։ Այս հակամարտությունը հնարավոր չէր կանգնեցնել առանց խաղաղապահ ուժերի, ինչն էլ տեղի ունեցավ անցած տարի։ Միակ երկիրը, որը պատրաստ էր իրականում այդ խաղաղապահ ուժերը տրամադրել, Ռուսաստանն էր»։

Բրիտանացի լրագրողի կարծիքով՝ Երևանի և Բաքվի տարաձայնություններից հիմնականը այսօր այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքն» է։ Մոսկվան առանց ավելորդ աղմուկի փորձում է փոխզիջումային տարբերակ գտնել, ասում է դը Վաալը։

Այս օրերին ռուսական մամուլն ընդհանրապես հաճախ է անդրադառնում ղարաբաղյան թեմային, նույն "Коммерсантъ"-ը, օրինակ, բացի Թոմաս դը Վալի հետ հարցազրույցից երեկ հրապարակել է նաև «Առանց սահմանների իրավիճակ» ծովալուն հոդվածը, իսկ "Газета"-ն էլ հոդված է հրապարակել «Հնարավոր է Ռուսաստանի ներքաշում. արդյո՞ք Բաքուն և Երևանը կրկին պատերազմելու են Ղարաբաղի համար» խոսուն վերնագրով։

Ինչ վերաբերում է նոր պատերազմի հավանականությանը, ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը Gazeta.ru-ին ասել է, թե Բաքուն և Երևանը այսօր լայնածավալ պատերազմ չեն ուզում, ինչը, սակայն, չի նշանակում, որ նոր պատերազմի հավանականությունը պետք է բացառել․ այն կարող է սկսվել ներքին ճգնաժամերի կամ երրորդ կողմի՝ Թուրքիայի միջամտության պատճառով։

Azatutyun.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն