«ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններն այժմ ապրում են պատմական ճգնաժամային պահ. hամագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է». Սի Ծինփին
Չինաստանը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ համատեղ լուծելու տարածաշրջանային և միջազգային խնդիրները և հաղթահարելու տարաձայնությունները։ Այս մասին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ասել է ԱՄՆ-ում գործող ոչ առևտրային կազմակերպության՝ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ազգային կոմիտեի կողմից կազմակերպված ամենամյա գալա երեկոյի մասնակիցներին ուղղված նամակում:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին երեքշաբթի երեկոյան հայտնել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Սի Ծինփինն ընդգծել է, որ Չինաստանը, «հետևելով փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին, պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ խթանելու փոխանակումները և համապարփակ փոխգործակցությունը, համատեղ լուծելու տարածաշրջանային և միջազգային խնդիրները և արձագանքել գլոբալ մարտահրավերներին»:
Ինչպես ընդգծվում է դիվանագիտական առաքելության կայքում, ՉԺՀ-ի ղեկավարը հայտարարել է Պեկինի պատրաստակամության մասին՝ «պատշաճ կերպով հաղթահարել տարաձայնությունները՝ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերադարձնելու վստահ և կայուն զարգացման ճիշտ ուղու վրա»։
«Նախագահ Սի Ծինփինը նշել է, որ ՉԺՀ-ի և Միացյալ Նահանգների հարաբերություններն այսօր աշխարհում ամենակարևոր երկկողմ հարաբերություններից են: Այն, թե արդյոք մեր երկու երկրները` աշխարհի ամենամեծ զարգացող և ամենամեծ զարգացած երկիրն ի վիճակի են կարգավորել իրենց հարաբերությունները, կարևոր է երկու պետությունների և նրանց ժողովուրդների հիմնարար շահերի, ինչպես նաև աշխարհի ապագայի համար: Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերություններն այժմ ապրում են պատմական ճգնաժամային պահ. երկու երկրներն էլ կշահեն համագործակցությունից և կտուժեն առճակատումից: Համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Tert.am