Փոփոխություն եք անում մի օրենքում, որը 2015 թ-ից չի գործում. Վահագն Սահակյանը՝ ԱԺ-ին և կառավարությանը
«Կփորձեմ այնպես անել, որ իմ ելույթից մեր պետականությունը ֆիզիկապես և բարոյապես չտուժի, այլ օգտվի»,- ԱԺ-ում օդանավակայանից ուղևորափոխադրում իրականացնելու համար տաքսի ծառայությունների համար 200.000 հազար դրամ տուրք սահմանելու նախագծի քննարկման ժամանակ հայտնեց «Տաքսի ծառայությունների ասոցիացիա» կազմակերպության ներկայացուցիչ Վահագն Սահակյանը:
Մինչ վերջինիս ձայն տալը՝ նիստը վարող Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նկատեց, որ հրավիրյալն ըստ կանոնակարգի իրավունք չունի հարց տալ, բայց հարգում է նրա իրավունքը և հարցի հնարավորություն կտա:
«Եթե հանձնաժողովի նիստերին մենք հրավիրենք շահագրգիռ անձանց, ապա կարող է դրա տակից դուրս չգանք»,- հայտարարեց Թունյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հակադարձեց, որ նիստերին կարող են հրավիրվել մասնագետներ, ինչի հետ համաձայնեց Թունյանը, բայց պնդեց, որ վերջիններս հարցեր չեն կարող տալ:
Վահագն Սահակյանի խոսքով՝ ԱԺ հանձնաժողովում կա տեղեկատվության պակաս, որը նրա անդամներին գցում է թյուրիմացության մեջ:
«Դուք փոփոխություն եք անում մի օրենքում, որը 2015 թվականից չի գործում, քանի որ այն օրվանից, երբ «Յանդեքս» տաքսի ծառայությունը հայտնվեց ՀՀ շուկայում ոչ մի տաքսի լիցենզիա չի ստացել»,-հայտարարեց Վահագն Սահակյանը և պնդեց, որ որպես տաքսի օգտագործող 60 հազար ավտոմեքենայի միայն 0,5 %-ն ունի լիցենզիա, իսկ կառավարությունը օրենքի նման փոփոխություն է անում օրենքում, որը վերաբերելու է 50 մեքենայի:
«Տաքսի ծառայությունների ասոցիացիա» կազմակերպության ներկայացուցիչը պատգամավորներին տեղեկացրեց, որ որպեսզի օդանավակայանի տաքսու ծառայությունից օգտվեն ընկերությունները, օդանավակայանի սեփականատիրոջը վճարում են ամսական 1 մլն 800 հազար դրամ և պնդեց, որ օրինագիծը չի ստիպի օդանավակայանի տնօրինությանն այդ տարածքը հատկացնել ձրի:
Նրա խոսքով՝ այնտեղ մեկ տաքսի ընկերություն է գործում, քանի որ միայն վերջինս է վճարում այդ գումարը:
Վահագն Սահակյանը նաև հայտնեց, որ հարցը զեկուցող փոխնախարարը մոռացավ, կամ միտումնավոր չանդրադարձավ սակաչափիչների պարտադիր առկայությանը, որը կարգավորվում է օրենքով, իսկ հեռախոսը և պլանշետը ոչ մի երկրում չի համարվում չափման միջոց, քանի որ այն դուրս է պետության վերահսկողությունից:
Պնդելով, որ օնլայն տաքսիները ճիշտ չեն աշխատում՝ հրավիրյալը շեշտեց, որ Հայաստանի շուկա նրանց մուտքից հետո 1100 տաքսի ընկերություն է փակվել և այսօր Երևանում չկա ոչ մի տաքսի ընկերություն, բացի 3 գերիշխող դիրք ունեցողների:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնեց, որ 1 մլն 800 հազար դրամ վճարից տեղյակ չէ և օդանավակայանի տարածքը հանրային է, որը տրված է կոնցեսիոն կառավարման, ինչին Սահակյանը հակադարձեց՝ պնդելով, որ մասնավոր տարածք է և այնտեղ վարձավճար է սահմանված:
Նիստը նախագահող Բաբկեն Թունյանը Վահագն Սահակյանին առաջարկեց գրավոր ներկայացնել առաջարկները, որոնք կքննարկվեն նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, որից հետո հանձանաժողովը ՔՊ պատգամավորների 4 ձայնով հաստատեց օրինագիծը:
Panorama.am