Այս իրավիճակում իմ պայքարի մեջ չմտնելը կլիներ կամ վախկոտության դրսևորում կամ դասալքություն:  Այս մասին հունիսի 3-ին, Տավուշի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե ինչու է ուզում երկրորդ անգամ գալ իշխանության, նա պատասխանեց. «Վատ վիճակներում ես շատ լավ եմ աշխատում: Ես բավականին մեծ կուտակված փորձ ունեմ և չեմ տեսնում որևէ մեկին, որն այս վիճակում ավելի լավ անի այն, ինչը պետք է անել:

Շատ ավելի լավ կլիներ, որ ընտրությունները մեկ տարի հետո լինեին, 17-ի շարժումը երբ սկսվեց, կարող էինք ժամանակավոր վարչապետ ընտրել, հետո ավելի հանգիստ վիճակում ընտրություն անել: Չեղավ, հիմա այս ճանապարհով ենք գնում:

Ես գալիս եմ անելու այն, ինչն արդեն երկու անգամ արել եմ: Մեկ անգամ Արցախում արեցի, 92 թվականին Արցախի ուղիղ 50 տոկոսը օկուպացիայի տակ էր, ես իմ վրա վերցրի պատասխանատվությունը և 1,5-2 տարի հետո մենք այլ վիճակ ունեցանք՝ ԼՂՀ և կրկնակի ավելի տարածք, քան ինքը՝ ԼՂ ինքնավար մարզը ուներ»:

Քոչարյանը հիշեցրեց, որ 1997 թվականին հրավիրվել է Հայաստան՝ ստանձնելու վարչապետի պաշտոնը: «Եթե հիշում եք այդ տարիները չափազանց վատ վիճակում էին ու ես ուղղակի համաձայնել եմ, եկել եմ, ես չգիտեի, թե ինչ եմ անելու, ուղղակի գիտեի, որ բան պիտի փոխել ու փոխել եմ, որովհետև  10 տարում 300 միլիոնանոց բյուջեն դառնում է 2,5 միլիարդ: Այդ տարիներին աշխարհում նման աճ 5 երկիր է ունեցել, որից մեկը Հայաստանն էր: Ես հիմա իմ մեջ բավարար էներգիա և ուժ եմ տեսնում սա ևս մեկ անգամ անելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ իշխանության գալու դեպքում 24-ժամյա ռեժիմով աշխատելու են եւ հաստատ արդյունք են ունենալու:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն