ԱՄՆ Պետդեպը Վրաստանի իշխանություններին կոչ է արել Սաակաշվիլիի հետ վարվել «արդար և արժանապատիվ»
Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանի կառավարությանը կոչ է անում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ վարվել «արդարացիորեն և արժանապատվորեն», ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, գրում է sputnik-georgia.ru-ն:
Վրաստանի երրորդ նախագահին Ռուսթավիի թիվ 12 բանտից երկուշաբթի երեկոյան տեղափոխել են Թբիլիսիի բանտային հիվանդանոց։ Նրա անձնական բժիշկը, փաստաբաններն ու համախոհները պնդում էին Սաակաշվիլիին քաղաքացիական բազմամասնագիտական կլինիկայում տեղավորելը, թեև իշխանությունները կտրականապես դեմ էին դրան:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին, նախկին նախագահ Սաակաշվիլիի ձերբակալությանը և այժմ նրա նկատմամբ վերաբերմունքին, ինչպես նաև Վրաստանի հանրային պաշտպանի հայտարարությանը, որը հարցեր է առաջացնում՝ կապված բանտարկված նախագահ Սաակաշվիլիի վիճակի հետ: Մենք կրկին կոչ ենք անում Վրաստանի կառավարությանն արդար և արժանապատվորեն վերաբերվել Սաակաշվիլիին՝ միջազգային չափանիշներին և վրացական օրենսդրությանը համապատասխան», - ասել է Փրայսը։
Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը Վրաստանի կառավարությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Սաակաշվիլիին հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը մեկնաբանել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Գուրամ Մաչավարիանիի խոսքով՝ Վրաստանում պաշտպանված են քաղաքացիների, այդ թվում՝ բանտարկյալների իրավունքները։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:
Tert.am