Միրզոյանը, Լավրովն ու Շոյգուն Փարիզում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Ֆրանսիա: Փարիզում նախարար Միրզոյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում: Այցի մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա, կմասնակցի նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը: Հաղորդագրությունն ուշադրություն է գրավում նախ այն հանգամանքով, որ նշված չէ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ հանդիպման մասին:
Նշվում է, որ Հայաստանի արտգործնախարարը այցի և համաժողովների ընթացքում կունենա երկկողմ հանդիպումներ, ինչը իհարկե միանգամայն ընդունված պրակտիկա է: Սակայն, հաշվի առնելով այն, որ այցը տեղի է ունենում Ֆրանսիա՝ Հայաստանի համար մի շարք առումներով առանձնահատուկ գործընկեր, ինչպես նաև բարեկամ երկիր, ու հաշվի առնելով նաև Ֆրանսիայի տրամաչափը ընդհանրապես, այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ հնարավոր հանդիպման ազդը պետք է որ տարբերակվեր երկկողմ հանդիպումների մասին ընդհանուր ձևակերպումից: Ըստ այդմ, առկա է հարց՝ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հանդիպում Փարիզ այցի ընթացքում նախատեսված չէ՞, թե այդ հանգամանքը անորոշ է և ըստ այդմ չի ստացել առանձին ձևակերպում:
Հասկանալի է Ֆրանսիայի արտգործնախարարի բավականին խիտ գրաֆիկը, սակայն այդուհանդերձ, եթե Փարիզ այցի ընթացքում չլինի Լը Դրիան-Միրզոյան այսպես ասած լիարժեք հանդիպում, ապա դա առնվազն պետք է լինի մտորելու տեղիք: Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարի Ֆրանսիա երկօրյա այցը առավել ուշադրության է արժանի այն ֆոնին, որ նոյեմբերի 12-ին էլ Ֆրանսիայում են լինելու ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները՝ Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի մասնակցության առիթով: Նրանց այցի մասին տեղեկության մեջ նշվում է նաև, որ լինելու է առանձին հանդիպում Ֆրանսիայի և ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ձևաչափով: Դրա ընթացքում քննարկվելիք հարցերի շարքում է լինելու նաև Մինսկի խմբի համանախագահությունում արցախյան կարգավորման ուղղությամբ երկու երկրների աշխատանքը, նաև Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցության հարցը: Արդյո՞ք այդ հանդիպման և քննարկումների հանգամանքը որևէ կերպ ազդեցություն ունենալու է Արարատ Միրզոյանի Փարիզ այցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպման հնարավորության վրա:
1in.am