Մեկ տարում 56 հանցագործություն արցախցիների նկատմամբ՝ Ադրբեջանի զինվորականների կողմից. Արցախի դատախազություն
Հրադադարի այս մեկ տարում Ադրբեջանի զինվորականները արցախցիների նկատմամբ 56 հանցագործություն են կատարել: Արցախի դատախազությունը ամփոփիչ վիճակագրություն է ներկայացրել. կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո 2 խաղաղ բնակիչ է սպավել և 9 զինվորական, 37 արցախցի հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանական կրակոցից:
Սա ընդամենը վիճակագրություն չէ, ասում է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:
«Սա հստակ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի կողմից մեծ հաշվով վերաբերմունքի և քաղաքականության փոփոխություն չի եղել, Ադրբեջանը որևէ ձևով պատրաստ չի և չի էլ պատրաստվում հարգել Արցախում ապրող հայի կյանքի իրավունքը: Այս պայմաններում, երբ Ադրբեջանի կողմից խաղաղ գոյակցության մասին խոսակցություններ են լինում, ընդամենը պետք է ցույց տալ այս վիճակագրական տվյալները և սրանով ամեն ինչ փակել: Սրանով արդեն ամեն ինչ ասված է, որ եթե անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի այստեղ գտնվելու պայմաններում ադրբեջանական կողմը դիմում է նման գործողությունների, ապա որևէ ձևով հայ մարդու կյանքը երաշխավորված չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակի դեպքում», - նշեց Ստեփանյանը:
Երկու օր առաջ Շուշիի մոտակա խաչմերուկում զինված ադրբեջանցին մոտեցել ու 1-2 մետր հեռավորությունից կրակել էր այդտեղ շինաշխատանք կատարող արցախցիների ուղղությամբ: Մեկ հոգի՝ 22-ամյա Մարտիկ Երեմյանը, մահացել է տեղում, մյուս երեք վիրավորները Ստեփանակերտի հիվանդանոցում են:
Երեկ Ադրբեջանական կողմը սպանությունը հիմնավորեց նրանով, որ Բաքվի առաջին դեմքերը Շուշիում հաղթանակ էին տոնում, և եթե մերձակայքում հայկական կողմն աշխատանք է կատարում, պետք է ռուս խաղաղապահների իմացությամբ ու ներկայությամբ լիներ:
Արցախի օմբուդսմենը հիշեցնում է՝ ադրբեջանական կրակոցից մեկ ամիս առաջ սեփական նռան այգում աշխատող մարտակերտցի սպանվեց, նրա կողքին ռուս խաղաղապահներ էին:
«Շատ էժանագին փորձ էր նման ձևով արդարացնելը: Եթե անգամ նման բան կար և տեղեկացված չեք, ապա մարդիկ բառացիորեն ասում են, որ տեղեկացրել են, որ եթե խնդիր եք տեսնում, մենք կհեռանանք, ու դրանից հետո շարունակել են նրանց վրա կրակելը», - ընդգծեց պաշտպանը:
Երեկ երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, Շուշիի մերձակայքում տեղի ունեցածին անդրադառնալով, նշել է, որ ռուս խաղաղապահները երկու կողմերի հետ համատեղ քննում են միջադեպը: Արցախի օմբուդսմենը որևէ հույս այս քննության հետ չի կապում, վերջին մեկ տարում, ասում է, պատժված հանցագործի չեն տեսել:
«Մարտակերտի դեպքով, օրինակ, հայտարարություն եղավ ադրբեջանական կողմից, որ բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից, մարդ սպանողը պետք է պատիժ կրի և ոչ թե ազատվի աշխատանքից: Աշխատանքից ազատվելը չի կարող համապատասխան պատիժ լինել մարդասպանության համար», - նշեց նա:
Գեղամ Ստեփանյանի դիտարկմամբ՝ անպատժելիությունն է հասցրել նրան, որ Ադրբեջանն օր-օրի կոշտացնում է դիրքորոշումը:
Azatutyun.am