«Չպատվաստվածների համավարակ». Գերմանիայում կորոնավիրուսի չորրորդ ալիքի տարածման ֆոնին վարակման դեպքերի թվի նոր հակառեկորդ է գրանցվել
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 50 196-ով, ինչը դարձել է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 11-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նախորդ հակառեկորդն արձանագրվել է նոյեմբերի 10-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել էր վարակման 39 676 դեպք: Համաճարակի սկզբից վարակը հայտնաբերվել Է ԳԴՀ-ի 4 894 250 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետևանքներից 24 ժամում երկրում մահացել Է 235 հիվանդ:
Մահացու վախճանների ընդհանուր թիվը համավարակի ամբողջ ընթացքում Գերմանիայում հասել է 97 198-ի: ԳԴՀ-ում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը (շաբաթվա ընթացքում վարակումների թիվը 100 հազար մարդու հաշվով) ներկայումս կազմում է 249,1:
Նոյեմբերի 10-ին այն հասել էր 232,1-ի, նոյեմբերի 9-ին՝ 213,7-ի, նոյեմբերի 8-ին՝ 201,1-ի, իսկ նոյեմբերի 7-ին՝ 191,5-ի: Վարակի տարածման յոթնօրյա ցուցանիշը մինչև հիմա հիմնական չափանիշն էր Գերմանիայում սահմանափակիչ միջոցներ ընտրելիս: Այժմ ուշադրությամբ հաշվի են առնվում նաև այլ գործոններ, այդ թվում՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների զբաղվածությունը և պատվաստված քաղաքացիների տոկոսը:
Անցյալ շաբաթ ԳԴՀ-ի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ենս Շպանը հայտարարել է, որ Գերմանիայում համավարակի չորրորդ ալիքն է, որը, նրա խոսքով՝ ամենից առաջ, «չպատվաստվածների համավարակ է»:
Նոյեմբերի 10-ին ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրում պատվաստման տեմպերը բավականաչափ բարձր չեն կորոնավիրուսով վարակման աճը կանխելու համար: Բնակչության իմունացման ցուցանիշները ցածր են 75 տոկոսից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Tert.am