Փորձաքննության ենթակա դիերն ու մասունքները 2-6 աստիճանի պայմաններում է պետք պահել, ընդուպ մինչեւ 10-11 աստիճան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գեւորգյանը:

Նրա խոսքով, երբ դին իդենտիֆիկացված է, մասնագետները կարող են հատուկ միջոցներով մշակել այն՝ հետագա քայքայումը կանգնացնելու համար: Սակայն դեռ չիդենտիֆիկացված դիերն ու մասունքները չի կարելի ոչ ֆորմալինով մշակել, եւ ոչ էլ սառցարանում՝ զրոյականից ցածր ջերմաստիճանի պայմաններում պահել, քանի որ դա կարող է խոչընդոտել գենետիկ նյութի անջատելուն եւ հետեւաբար դին կամ մասունքները իդենտիֆիկացնելուն:

Մասնագետի խոսքով, նույնիսկ գենետիկ նմուշի անջատելուց հետո դին կամ մասունքները չի կարելի ֆորմալինով մշակել, քանի որ այս ամիսների ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անջատված նմուշից հնարավոր չի եղել գենետիկ տվյալներ ստանալ, եւ մասնագետները ստիպված են եղել կրկնակի նմուշառում իրականացնել: Եթե առաջին անհաջող նմուշառումից հետո դին մշակվեր ֆորմալինով կամ սառեցվեր, այն իդենտիֆիկացնելն անհնար կդառնար:

Այդ իսկ պատճառով, մինչեւ վերջնական իդենտիֆիկացումը դիերը խորհուրդ է տրվում պահել 2-6 աստիճանի պայմաններում, ընդուպ մինչեւ 10-11 աստիճան:

Արմեն Գեւորգյանի խոսքով, բացառված է, որ Արցախում զոհվածների որեւէ դի այսօր փորձեն «թաքցնել»: Բոլոր դիերը փորձագիտական կենտրոններ են բերվում հատուկ սպիտակ պոլիէթիլենային պարկերում՝ հերթական համարներով: Մինչեւ վերջնական իդենտիֆիկացումը բոլորին տրվում են 3 թվից բաղկացած կոդեր, եւ ամբողջ ինֆորմացիան մատենավարվում է:

Անդրադառնալով աղմուկին այն մասին, որ Աբովյանի դիահերձարանում պատերազմում զոհված զինծառայողների դիերը պահվում են ոչ պատշաճ պայմաններում, Արմեն Գեւորգյանը ասաց, որ այս խնդրի շուրջ հարուցված է քրեական գործ, որն այժմ նախաքննության փուլում է, եւ այս ընթացքում հայտարարություններ ու ենթադրություններ անելու իրավունք չկա:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացել այն խնդրի շուրջ, որ պատերազմում զոհված զինծառայողների դիերը պահվում են ոչ պատշաճ պայմաններում՝ պարկերի մեջ, հատակին դրված։ Համապատասխան լուսանկարների հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը պարբերաբար պարզաբանումներով է հանդես գալիս ու ներկայացնում է մասունքների փորձաքննություններին վերաբերող տեղեկատվություն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն