Էրդողանը դատի է տվել հունական թերթին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել հունական Dimokratia թերթը 2020թ. սեպտեմբերի 18-ին առաջին էջում հրապարակված վերնագրի պատճառով, տեղեկացնում է Greek Reporter-ը։
Էրդողանի փաստաբանները Անկարայի դատարան թերթի տնօրենի, երկու գլխավոր խմբագիրների եւ լրագրողի դեմ ներկայացված հայցում պահանջել են հինգ տարվա բանտարկություն, տեղեկացնում է Greek Reporter-ը։
Dimokratia-ի հոդվածը, որում մանրամասն պատմվում էր Էրդողանի եւ թուրք այլ պաշտոնյաների գործողությունների մասին Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարված շրջանում, վերնագրված էր «Siktir Git» (մոտավորապես թարգմանվում է «գնա, քո....»)։
Dimokratia-ն հայցն անվանել է «պարոդիա»։ «Պաշտոնական իրավաբանական տեքստը, որը ներկայացվել է Հունաստանի իշխանություններին, լի է սադրանքներով։ Էգեյան ծովն անվանում են «կղզիների ծով», եւ թուրքական կողմը մեղադրում է թերթի լրագրողներին Միջերկրածովում եւ Էգեյան ծովում Էրդողանի նկրտումներին խոչընդոտելու մեջ»,- ասվում է թերթի հայտարարությունում։
Թուրքիայի «Երկնագույն Հայրենիք» դոկտրինի հիմնադիր Ջիյաթ Յայջին, դոկտրին, որը հավակնում է ընդարձակ ջրային տարածքների Էգեյան, Միջերկրական եւ Սեւ ծովերում, անցած տարի ասել էր, որ Թուրքիան չպետք է օգտագործի «Էգեյան» բառը, որը հունական ծագում ունի, եւ առաջարկել էր Էգեյան ծովն անվանել «Կղզիների ծով» կամ «Հյուսիսային Միջերկրածով»։
«Սա առաջին դեպքն է, երբ օտար պետության ղեկավարը հանդես է եկել հունական թերթի դեմ, ընդ որում՝ քաղաքական պատճառներով, ինչպես երեւում է հայցի տեքստից, որը ներկայացվել է Անկարայի դատախազության կողմից»,- ասել են Dimokratia-ում՝ նշելով, որ պատիվ են համարում, որ թուրքական ղեկավարությունը հոդվածը բնորոշել է որպես խոչընդոտ իր «ծավալապաշտական եւ վտանգավոր պլանների» ճանապարհին։
News.am