Հայաստանի դեմ հաղթանակը Ադրբեջանին ոչ թե Թուրքիան է ապահովել, այլ Ռուսաստանը։ Պուտինը պատերազմի հանցագործ պետք է հռչակվեր
Մեր զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը
Պարոն Չաքրյան, Ռուսաստանը եւ Թուրքիան խոսում են 3+3 ձևաչափի կարևորության մասին։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ժամանակն է 3+3 ձևաչափի ծրագրերը գործնական դաշտ տեղափոխել, իսկ Էրդողանն էլ հայտարարել է, որ Հարավային Կովկասում մշտական խաղաղություն կարելի է հաստատել՝ գործարկելով 3+3 մեխանիզմը։ Ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ վտանգներ եք տեսնում։
Էրդողանը կարևորում է, թե չի կարևորում այս ձևաչափը, դա էական չէ, էականն այն է, թե միջազգային արձագանք գտնո՞ւմ է, թե ոչ։ Եվ կարծում եմ՝ Էրդողանի հայտարարությունը որևէ միջազգային արձագանք չի գտել, բացի Ռուսաստանից։ Այս 3+3-ի հեղինակը Թուրքիան չէ, Ռուսաստանն է։ Պատերազմի հիմնական նպատակն էլ Ֆրանսիային և ԱՄՆ-ին դուրս վտարելն էր Հարավային Կովկասից։ Փաստորեն, նրանք փորձում են փաստի առաջ կանգնեցնել, բայց Բայդենի ընտրությունը փոխեց նրա հաշվարկները։ Բայդենը Մյունխենում, ապա Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները վերադարձել է տարածաշրջան, ընդ որում՝ պետք է վերադառնա նաև Հարավային Կովկաս։
Ի՞նչ է նշանակում 3+3-ը. Վրաստան-Թուրքիա-Իրան, Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին գործընթացից վտարելու ծրագիր, սակայն չի կարող հաջողել, քանի որ եռանախագահող երկրներին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը հանձնարարվել է ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշումով։ Հետևաբար, որևէ հաշտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե պետք է կնքվի, կնքվելու է կարգավորողների նախաձեռնությամբ, այսինքն՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան։ Ռուսաստանը փորձում է օգտագործել Փաշինյանի հնարավորությունները, ինչպես եռակողմ հայտարարության պարագայում օգտագործեց։ Իրականում Փաշինյանը մեկ օր հետո է ստորագրել, սա հստակ եմ ասում, քանի որ Ռիա Նովոստին և Ինտերֆաքսը հայհոյում էին Հայաստանին և Փաշինյանին, իսկ Մարգարիտան առավել ևս, նրան անվանեց «Тварь», որ չի ստորագրել։ Եվ մյուսները՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, քանի որ ունեն ՄԱԿ անվտանգության խորհրդի մանդատ, կարգավորմանը մասնակցելու իրենց իրավունքից չեն հրաժարվում։ Իսկ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները մասնակցում են այս ամենին, որ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղեն։ Այս պայքարը նոր չէ, սկսվել է 91-ից։ Եվ այստեղ անհաշտ մրցապայքար է, որպեսզի Պուտինը՝ որպես գերազդեցության տարածք Ռուսաստանին պահի Հարավային Կովկասում, հազար ու մի ձևաչափեր է հորինում։ Եվ Պուտինը նախընտրում է Հարավային Կովկասում գործ ունենալ Թուրքիայի և Իրանի հետ, մանավանդ Էրդողանը Պուտինի լավագույն ընկերն է, իսկ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ չի ուզում, որոնք հայտարարել են, որ չեն ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մակրոնը դեռևս պատերազմի օրերին կոչ էր արել վերադառնալ 1994 թվականի սահմաններին։ Իսկ Պուտինի շոշափուկները՝ հայաստանյան կամ արցախյան, հայտարարում են, թե աշխարհում Արցախը չեն ճանաչում, Հայաստանն էլ չի ճանաչել, նույնիսկ ԼՂ ինքնավար մարզն էլ է Ադրբեջանի տարածք, և կա տեսանյութ, որ այս նույն բաները Պուտինը համոզում էր Փաշինյանին, որ Արցախը և հարակից տարածքները բնիկ ադրբեջանական տարածքներ են, որ ոչ ոք աշխարհում չի ճանաչել Արցախի անկախությունը, այդ թվում՝ Հայաստանը։ Հայաստանը չի ճանաչել, որովհետև նախ Ռուսաստանը թույլ չի տվել, որ ճանաչի, երկրորդ՝ սուտ է, որ աշխարհում ոչ ոք չի ճանաչել։ ԱՄՆ-ում առնվազն 10 նահանգ ճանաչել է Արցախի Հանրապետությունը, Եվրոպայի բազմաթիվ երկրներ, Ֆրանսիայի տարբեր քաղաքաքներ Փարիզի գլխավորությամբ նույնպես ճանաչել է։ Վաշինգտոնն էլ պաշտոնապես է հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ԱՄՆ դեսպանն էլ Հայաստանում նշեց, որ պատերազմն ավարտվեց, բայց հակամարտությունը չի հաղթահարվել, որովհետև որոշված չէ ԼՂ կարգավիճակը։ Իսկ ահա վերջին օրերին Մոսկվայից նորից հայտարարություններ են հնչում՝ ոչ մի կարգավիճակ։
Այսինքն՝ այստեղ խնդիրը Էրդողանը չէ, խնդիրը Կրեմլն է, որը հայատյաց տականքների որջ է, օձի գլուխը Պուտինն է և նրա շրջապատը։
Ի դեպ, Արցախի խորհրդարանն է հայտարարություն տարածել, որտեղ նշված է հայրենիքում արցախահայության անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի միջազգային ճանաչման պարագայում, նաև նշված է, որ պետք է Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
Արցախի խորհրդարանից սպասել, որ ազգօգուտ որևէ որոշում կընդունեն, իրատեսական չէ։ Նրանք ռուսից ավելի ռուսամետ են։ Արցախը չի դատապարտել անգամ Շուշիի մոտակայքում քաղաքացու սպանությունը, որ Պուտինը չնեղանա, Պուտինը կարող է ջղայնանա իրենց վրա։ Եվ եթե դու քո հայրենակցին տեր չես կանգնում, սպանում են, ինչո՞ւ պետք է Պուտինը դատապարտի։ Պարզ իրողություն պետք է հասկանալ՝ Հայաստանի դեմ հաղթանակը Ադրբեջանին ոչ թե Թուրքիան է ապահովել, այլ Ռուսաստանը։ Եվ Պուտինը պատերազմի հանցագործ պետք է հռչակվեր։
Lragir.am