Ընդդիմության հռետորաբանությունը տեղավորվում է ռևանշիզմի տրամաբանության մեջ․ Արսեն Թորոսյան
Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ
- Պարո՛ն Թորոսյան, կորոնավիրուսի տարածման դեմ կիրառվող միջոցառումները՝ դպրոցական արձակուրդների երկարաձգումը, բուհերի դասերի առցանց անցկացումը, տուգանքների խստացումը դրական արդյունք չե՞ն տալիս։ Երկու օր առաջ նորից հղի կին է մահացել։
- Դժվար է գնահատել, թե որ միջոցառումն ինչ արդյունք է տվել։ Ամեն դեպքում, վերջին օրերին թվերը կայունացման միտում ունեին։ Իմ տպավորությամբ՝ մենք պիկի վրա ենք, ու հիմա պետք է նվազում ակնկալենք, իհարկե, եթե միջոցառումները պահպանվեն։ Բայց դասերի վերսկսումն իրավիճակն անկանխատեսելի է դարձնում։ Ինչ վերաբերում է հղի կնոջ մահվանը, ես բազմիցս նշել եմ, որ թե՛ անցած տարի, թե՛ այս տարի, հենց քովիդով պայմանավորված, մայրական մահացության աճ ունենք, և, դժբախտաբար, մենք չենք կարողանում նրանց փրկել։ Այս տարի նման դեպքերը շատացել են նաև դելտա շտամով պայմանավորված։ Հիշում եք, երկու շաբաթ առաջ էլ մահացավ մի հղի կին, որը պատերազմում որդի էր կորցրել։ Լուծումը պատվաստումն է․ մենք պետք է ունենայինք պատվաստվածության բարձր ցուցանիշ և խուսափեինք այս վիճակից, բայց դժբախտաբար շատ հեռու ենք դրանից։
- Կարո՞ղ ենք ասել, որ այս պահի դրությամբ պատվաստման գործընթացը տապալված է, քանի որ պատվաստման երկրորդ չափաբաժինն ընդունածները չեն կազմում բնակչության նույնիսկ 10 տոկոսը։
- Նման որակումներ տալը շատ բան չի փոխում, փաստն այն է, որ չունենք պատվաստման բավարար մակարդակ։ Դրանում մեղավոր ենք բոլորս, պետք չէ առանձնացնել պետական գերատեսչությունների դերը շարքային քաղաքացիների պարտականությունից։ Պատվաստումը հասանելի էր գարնանից, բայց մենք դրա մասին պատկերացում ունեցանք միայն հոկտեմբերին։ Այո, դեռ 10 տոկոսի չի հասել երկու ամբողջական պատվաստումը՝ ընդամենը 270 հազար մարդ է երկու պատվաստում ստացել։ Իհարկե, առաջիկա 1-2 ամիսներին առաջին չափը ստացվածները երկրորդը կստանան, և մենք կունենանք 600 հազարից ավելի երկու անգամ պատվաստվածներ։ Հետևաբար մեկ-երկու ամիս հետո նոր կունենանք 20-25 տոկոս լիարժեք պատվաստվածներ, բայց դա էլ շատ հեռու է ցանկալի ցուցանիշից։ Հետևաբար, պատվաստումն ավելացնելու համար անհրաժեշտ կլինի դիմել նոր խթանիչ միջոցառումների։
- Ցածր է պատվաստումը ուսանողների շրջանում, և կարծիք կա, որ այդ միջոցառումները պետք է կիրառվեն նաև նրանց նկատմամբ։
- Կա նման խնդիր։ Ուսանողները հիմա առցանց ռեժիմով են դասերն անցկացնում, բայց կարծում եմ, որ նրանց համար պատվաստումը պետք է պարտադիր դարձնել, ինչպես, օրինակ, աշխատողների համար է։ Կամ ՊՇՌ թեստ, կամ պատվաստում։ Ի զարմանս ինձ՝ ուսանողներն ընդգրկված չեն այդ խմբում, թեև նույն տրամաբանությամբ ավելի խիտ պայմաններում են դասն անցկացնում՝ մի լսարանում 20-25, երբեմն 100 հոգով են նստում։ Էլ չեմ ասում, որ պետք է մտածել նաև 65 տարեկանից բարձր մարդկանց մասին։ Եթե հետևում ենք վիճակագրությանը, տեսնում ենք, որ մեզ մոտ ամենավատ ցուցանիշը 25-ից ցածր և 65-ից բարձր տարիքային խմբերում է։ Իսկ դա նշանակում է, որ պատվաստվում են հիմնականում հարաբերականորեն առողջ, աշխատունակ քաղաքացիները, քիչ են պատվաստվում հաշմանդամները, թոշակառուները և ուսանողները։ Ես զրուցել եմ մի քանի բուհերի ռեկտորների հետ, ասում են՝ ուսանողների ընդամենը 5-6 տոկոսն է պատվաստված։
- Այսինքն, կիրառվող միջոցառումները բավարար չե՞ն, ի՞նչ պետք է անել։
- Գնահատականը ես չէ, որ պիտի տամ, բավարար-ոչ բավարար լինելը երևում է պատվաստվածության ծածկույթով։ Պետք է ձգտենք ավելացնել գործող միջոցառումներով, ինչպես նաև՝ նոր գործիքներով և առանց դադարելու։ Մինչև չունենանք մեծահասակ բնակչության 90 և ավելի, ընդհանուր ազգաբնակչության 70 և ավելի տոկոսի պատվաստվածություն, հետո նաև չիջնենք ավելի ցածր՝ 12+ տարիքային խմբերի վրա, ինչպես ամբողջ աշխարհում է, հետո նորից ամեն 6 ամիսը կամ տարին մեկ վերապատվաստում չանենք, մենք չպետք է հանգիստ լինենք մեր արածով։
- Հրապարակում եղավ, որ ՊՇՌ թեստը ներկրվում է 800-3000 դրամով, բայց թեստավորումն արվում է մի քանի անգամ բարձր գնով և գերշահույթ ապահովում։ Ինչո՞ւ։
- Նախ՝ թեստավորման գինը միայն թեստի գինը չէ։ Կան օգտագործվող այլ նյութեր, սարքավորումների մաշվածությունը, ՊՇՌ մեքենաները երբեմն հարյուր հազարավոր դոլարներ արժեն, ինչպես նաև բուժաշխատողների՝ նմուշառողների, լաբորանտների, լաբորատորիայի բժիշկների ծանրաբեռնված աշխատանքը և այլն։ Իհարկե, այստեղ մրցակցությունն էլ դեր ունի։ Իսկ սա շուկա է, որքան էլ մենք խորհրդային հիշողություն ունենք, որ առողջապահությունն այլ մեխանիզմներով էր աշխատում։ Իսկ եթե կան հակամրցակցային պայմանավորվածություններ, ապա մենք ունենք ՏՄՊՊՀ, որը գործընթացը հսկողության տակ է պահում։
- Իսկ մեր երկրում արտադրվող թեստերի ճակատագիրն ի՞նչ եղավ։
- Ժամանակին դրանք արտադրվեցին, օգտագործվեցին, բայց ծախսարդյունավետության խնդիր կար՝ ավելի մատչելի տարբերակներ կային, և ընտրությունը կանգնեց դրանց վրա։ Բայց այստեղ արտադրված թեստերը որակյալ էին, մենք դրանք ստուգեցինք և օգտագործեցինք։ Այսինքն, հատկացված գումարն օգտագործվեց նպատակային։
- «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ «համազգային դիմադրությունը սկիզբ է առնում»։ Չե՞ք կարծում, որ դա ձեր իշխանության համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։
- Առաջին անգամը չէ, որ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում։ Նույն ընդդիմությունը հանրահավաքներ անում էր նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, որտեղ քաղաքական ուժերն ազատ են հավաքներ անցկացնելու համար, և որևէ մտահոգիչ բան չկա։ Բայց ի՞նչ է նշանակում դիմադրություն։ Դիմադրություն ինչի՞ն։ Այդ օրակարգը սին է։ Դա ցույց են տվել թե՛ վերջին մեկ տարվա իրադարձությունները, թե՛ ԱԺ ընտրություններն իրենց արդյունքներով։ Նոր՝ հատուկ մտածելու տեղիք տվող բան չեմ տեսնում։ Այդ մարդիկ ԱԺ-ում մեր գործընկերներն են, և տեսնում ենք նրանց հռետորաբանությունն ու օրակարգը, որը, կարծում եմ, այնքան էլ չի տեղավորվում Հայաստանն ավելի լավ ու պաշտպանված դարձնելու տեսլականի մեջ։
- Ինչի՞ մեջ է տեղավորվում։
- Տեղավորվում է ռևանշիզմի, կորցրած արտոնությունները վերականգնելու, երբեմնի լծակները կիրառելու տրամաբանության մեջ։ Էլ չեմ հիշում նրանց վերջին մեկ տարվա գործողությունները՝ սկսած կառավարական շենքեր գրոհելուց մինչև փողոցներում մարդկային արժանապատվությունը նվաստացնող թատերական ներկայացումները։
- Կառավարությունն անցած շաբաթ մոտ 1 մլրդ դրամ է հատկացրել ջրօգտագործողների կուտակած պարտքերի մարմանը։ Ընդդիմությունը դա համարում է ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրակաշառք ընտրողներին։
- Իսկ դա համեմատե՞լ եք անցած տարվա նույն ժամանակահատվածում կամ նույն նպատակով հատկացվածի հետ։ Դա նույն պատմությունն է, երբ շահարկում էին Շիրակի մարզպետարանի տված սոցիալական աջակցությունը, որն ամեն ամիս կամ ամեն տարի է տրվում։ Բայց մոռանում են նախկինում ընտրությունների ժամանակ 5000-ական, հետո 10-20 հազարական դրամներ բաժանելը։ Եվ եթե իրավական համակարգը զգոն չլիներ, արտահերթ ընտրություններին նորից նույնը կանեին։
- Համաձա՞յն եք, որ անցած ՏԻՄ ընտրություններին դուք հաջողություն չունեցաք․ խոշոր համայնքներում առաջին տեղը չզբաղեցրիք, Մեղրիում էլ «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունները, ձեզ շրջանցելով, կոալիցիա կազմեցին։
- ՏԻՄ ընտրությունները, ինչպես ցանկացած ընտրություն, պայքար է քվեի համար, այդ պայքարում պետք է հնարավորինս լավ արդյունք արձանագրել։ Եվ միշտ չէ, որ այդ արդյունքների հետ դու հաշտ ես լինում, բավարարված ես զգում։ Ու դա պետք է քեզ մղի, որ ապագայում ավելի լավ աշխատես, լավ արդյունք ապահովես ՏԻՄ և համապետական ընտրություններում։ Ամեն դեպքում այստեղ իրավիճակը սև ու սպիտակ չէ։ Որ համայնքում էլ մենք մասնակցել ենք ընտրություններին, մաս ենք կազմելու քաղաքային իշխանությանը՝ որոշ տեղերում ունենալով քաղաքապետ, որոշ տեղերում համագործակցության այլ ձևաչափ, որոշ տեղերում էլ՝ լինելով ընդդիմություն։ Եվ դա նորմալ է։
parliamentmonitoring.am