ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը 0-5 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել մեր թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

«Առաջին հերթին պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից։ Մենք շատ մեծ հույսերով ու խանդավառությամբ էինք մոտեցել այս խաղին՝ ցանկանալով ուրախություն պարգևել մեր մարզասերներին։ Բայց խաղը լավ չստացվեց, առաջին իսկ րոպեից թիմը լավ չխաղաց ու շատ արագ գոլ բաց թողեցինք։ Դա վատ ազդեցություն թողեց մեր խաղի վրա»,- ասաց մարզիչը։

-Հետաքրքիր է պարոն Կապառոսի կարծիքը մեր նորեկների մասին, եթե խաղը նորից սկսվեր նույն կա՞զմը կընտրեր մարզիչը։

-Գիտեք ինչ, հանդիպումից հետո հեշտ է խոսել ու ասել, որ կարելի էր այլ կազմ ընտրել։ Ինչ վերաբերում է նորեկներին, չի կարելի ասել, որ նրանք շատ մեծ մեղք ունեին այս ամենում։ Մրցակիցը լավ հանդես եկավ, իսկ մենք՝ ոչ։

-Արդյոք հավաքականի տղաների մոտ որոշակի հոգնածություն կա՞ ու Գերմանիայի խաղում ռոտացիա կլինի՞։

-Այժմ պետք է վերլուծենք անցած հանդիպումը, ինքնաքննադատությամբ զբաղվենք ու հասկանանք՝ որ տղաներն են հոգեբանորեն ուժեղ, որ կկարողանան հանդես գալ Գերմանիայի հավաքականի դեմ։

ArmSport.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն