Երբ է ավարտվելու կորոնավիրուսային պանդեմիան․ հայտնի է մոտավոր ժամկետը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է, որ իրենք կհայտարարեն կորոնավիրուսային հիվանդության համավարակի ավարտի մասին այն ժամանակ, երբ առողջապահական հաստատությունները գերբեռնված չեն լինի։
Այս մասին նա ասել է La Vanguardia թերթին տված հարցազրույցում։ «Մենք պետք է սովորենք ապրել վիրուսի հետ։ Հենց որ մեր առողջապահական համակարգը չլինի գերբեռնված կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների հոսպիտալացումների եւ նույն հիվանդությունից մահացության դեպքերի պատճառով, այսինքն՝ հնարավորություն լինի լիարժեքորեն մատուցել այն ծառայությունները, որոնք մատուցվել են նախկինում, ապա պանդեմիան հնարավոր կլինի համարել ավարտված եւ այն որակել որպես համաճարակ կամ էպիդեմիա»,- ասել է Հանս Կլյուգեն։
Նա նաեւ ասել է, որ մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիսը Եվրոպայում կորոնավիրուսային հիվանդությունից կարող է մահանալ եւս կես միլիոն մարդ, եթե հիվանդության տարածման տենդենցներում փոփոխություն չլինի։ Կլյուգեն նշել է, որ իրավիճակը բարդացել է, քանի որ ռեգիոնի երկրների կեսում պատվաստման գործընթացը սկսել է դոփել տեղում։ «Եթե մի քանի ամիս առաջ հիմնական խնդիրը պատվաստանյութերի ոչ բավարար առկա քանակությունն էր, ապա հիմա՝ պատվաստանյութերի հանդեպ վերաբերմունքն ու «ֆեյք լուրերը» դրանց մասին»,-ասել է նա։
Hraparak.am