Երեւան-Հորադիզ․ Հայ պաշտոնյաների դեմագոգիան արդեն չի հերիքում ռուսական ծրագիրը քողարկելուն
ՀՀ ԱԽ ինքնաբուխ քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական պարզաբանումն է ներկայացրել ճանապարհների այսպես կոչված ապաարգելափակման վերաբերյալ։ Խոսելով այսպես կոչված ադրբեջան-Նախիջեւան կապի մասին, նա ասել է, որ «ադրբեջանցիների» համար դեպի Նախիջեւան արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկ ճանապարհը։ «Մենք էլ նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք», ասել է Արմեն Գրիգորյանը։
Բոլոր ճանապարհների ապաարգելափակման, տնտեսական կապերի վերաբերյալ ռուսական շաղակրատանքը լավագույնս հերքվում է հայ պաշտոնյաների հայտարարություններով, որոնց դեմագոգիան նույնիսկ չի բավականացնում ռուսական ծրագրերի էությունը քողարկելու համար։ Բանն այն է, որ ճանապարհների ապաարգելափակումը Հայաստանի դեմ իրագործվող ծրագրի բաղադրիչն է՝ ուղղված ՀՀ լիակատար մեկուսացմանն ու ՀՀ տարածքի վերահսկողությանը։ Զուր չէ, որ ռուսները ոչ մի կերպ չեն արձագանքում Երեւանից երբեմն-երբեմն հնչող վախվորած տրամաբանական առաջարկներին՝ եղած ճանապարհներն ու երկաթուղիները գործարկելու վերաբերյալ, օրինակ՝ Ղազախ-Իջեւան-Գյումրի-Կարս։ Չեն արձագանքում մի պարզ պատճառով՝ խնդիրը ապաշրջափակումը չէ ինքնին, ապաշրջափակումը տվյալ դեպքում միակողմանի՝ Հայաստանի դեմ իրագործվող գործընթաց է՝ Մոսկվայի պլանների համատեքստում։
Դեպի Հորադիզ, այնտեղից էլ ուր ուզենանք իմաստ ունի մեկ պարագայում՝ 1994 թ․ շփման գիծը վերականգնելու եւ ռուսական ծրագրերը խորտակելու համար։ Ռուսական ցնորամիտ ծրագրերը Հայաստանին այլ ելք չեն թողնում։
Lragir.am