ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատվաստման միջազգային պլանի մշակման կոչ է արել
Աշխարհին անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պատվաստման միջազգային պլան, որպեսզի 2022 թվականի առաջին կեսին Երկիր մոլորակի վրա պատվաստված լինի բնակչության առնվազն 70 տոկոսը: Նոյեմբերի 11-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Փարիզի խաղաղության համաժողովի մասնակիցներին հղած՝ իր տեսաուղերձում:
«Մեզ անհրաժեշտ է (COVID-19-ի) պատվաստման միջազգային պլան, որը թուլ տա առնվազն կրկնապատկել պատվաստանյութերի արտադրության եւ տարածման տեմպերը, որպեսզի 2022 թվականի առաջին կեսին հասնենք բնակչության 70 տոկոսի պատվաստման ցուցանիշների»,- ասել է նա:
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը հավելել է, որ կորոնավիրուսն աշխարհում սաստկացրել է անհավասարությունը, իսկ այն փաստը, որ աշխարհում միլիարդավոր մարդիկ տակավին սպասում են կորոնավիրուսի դեմ իրենց առաջին պատվաստմանը, նա համարել է «բարոյական սխալ»: Գուտերիշը 2020 թվականի վերջին կոչ է արել ստեղծելու հատուկ աշխատանքային խումբ համավարակի դեմ պայքարի համար, որն զբաղվի ամբողջ աշխարհում պատվաստման եւ պատվաստանյութերի բախշման գրաֆիկի պլանավորմամբ:
Թեեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս կրկնել է իր կոչը, այդ խնդիրն առայժմ այդպես էլ լուծված չէ: ՄԱԿ-ի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ պատվաստումն առաջ տանելու համար ստեղծված է COVAX մեխանիզմը, որի համար պետությունները տրամադրում են իրենց արտադրած պատվաստանյութերը, որոնք այնուհետեւ ուղարկվում են դրանց կարքին ունեցող երկրներ: ՄԱԿ-ում բազմիցս նշել են, որ արտադրող երկրները բավականաչափ պատրաստուկներ չեն տրամադրում աշխարհում պատվաստման անհրաժեշտ տեմպերի ապահովման համար, հատկապես Աֆրիկայի երկրներում:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի յուրաքանչյուր տարելիցին Փարիզում խաղաղության համաժողով հրավիրելու գաղափարն առաջադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այդ առաջին համաժողովին, որը տեղի է ունեցել 2018 թվականին, Ֆրանսիայի ղեկավարի հետ մեկտեղ մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելը, շատ այլ երկրների կառավարական պատվիրակություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am