Աշոցքի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու 4 պաշոնատար անձանց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
ՀՀ դատախազության կողմից որդեգրված ապօրինի անտառահատումների դեմ պայքարը՝ հատկապես դրան մեծապես նպաստող պաշտոնեական հանցագործությունների բացահայտման և անտառային ֆոնդի պահպանության իրենց պարտականությունների կատարման մեջ դիտավորությամբ կամ անփութությամբ հանցավոր կերպով թերացած պաշտոնատար անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլ իրավապահ մարմինների հետ լայն թափով շարունակվում է հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաև ՀՀ Շիրակի մարզում:
Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից իր լիազորություններն իրացնելիս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու մասին հայտնաբերված տվյալների կապակցությամբ նախապատրաստված նյութերով 2021թ. սեպտեմբերի 3-ին հարուցվել էր քրեական գործ:
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղի Աշոցքի անտառապետության անտառապետը, ինժեները, թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների անտառապահները, ի պաշտոնե պարտավոր են եղել, յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում, իրականացնել անտառպետության ղեկավարումը, հսկել անտառպետությունում իրականացվող աշխատանքները, կանխարգելել անտառպետությունում, իրենց վստահված պահաբաժիններում ՀՀ անտառային օրենսդրության բոլոր տեսակի խախտումները, ժամանակին հայտնաբերել դրանք, արձանագրել և սահմանված կարգով ընթացք տալ, հսկողություն իրականացնել այդ գործընթացի նկատմամբ, պարբերաբար կատարել շրջայցեր պահաբաժիններում, անտառապահների պարագայում՝ ստուգել բնափայտի մթերման և այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերը, հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ և այլն:
Սակայն անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով իրենց ծառայության նկատմամբ՝ նրանք պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները: Մասնավորապես, նշված անտառպետությունում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, չեն կազմել շրջայցերի, անտառախախտումների վերաբերյալ արձանագրություններ, ինչի արդյունքում 2020թ. հոկտեմբերից մինչ 2021թ. մայիս ընկած ժամանակահատվածում Աշոցքի անտառպետության թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների տարածքներում ապօրինի հատվել է ընդհանուր 351 հատ տարբեր չափերի սոճի տեսակի ծառ: Դրա հետևանքով կազմակերպության և պետության իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանք հանդիսացող՝ ընդհանուր ավելի քան 7մլն ՀՀ դրամի վնաս:
Հետագայում՝ գարնանային ստուգումների ժամանակ, հիշյալ հատված ծառերի կոճղերը հայտնաբերվել և արձանագրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Գյումրիի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կողմից:
Այս հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել Աշոցքի անտառապետության անտառապետին, ինժեներին, թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների անտառապահներին:
Նախաքննությունն ավարտվել է, դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննության առնելու համար 4 անձի վերաբերյալ մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
ՀՀ դատախազությունը հընթացս կներկայացնի նաև հանրապետության՝ անտառային լանդշաֆտ ունեցող այլ մարզերում ապօրինի անտառահատումներին հանգեցնող պաշտոնեական հանցագործությունների դեմ տարվող պայքարի արդյունքները, տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:
Lragir.am