Արցախցի կանայք պատասխան են պահանջում ռուս խաղաղապահներից
Արցախցի մի խումբ կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ՝ «արտահայտելու մեր մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող եւ անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։ Բարձրաձայնել ենք գործող անվտանգության մեխանիզմների վերանայման անհրաժեշտությունը, հրատապ ու կենսական նշանակության մի շարք այլ հիմնախնդիրներ, ինչպես նաև նրան ենք փոխանցել ստորեւ ներկայացվող տեքստով դիմումը»։
Առաջին անգամ է, որ խաղաղապահները դրվում են պատասխանատվության տակ։ Դիմումում թվարկված են խաղաղապահների օրոք Բաքվի հանցագործությունները, դրանց հետեւանքով մարդկային զոհերի հանգամանքը։ Վերջինը նոյեմբերի 9-ի արյունոտ միջադեպն էր, երբ նույն խաղաղապահների կարիքների համար ջրատարի վրա աշխատող հայ խաղաղ քաղաքացիներից մեկին սպանել էին, երեքին՝ վիրավորել։
Այս դեպքից հետո քիչ թե շատ համարժեք հայտարարություն տարածեց Արցախի Ազգային ժողովը, փոխարենը՝ Արցախի նախագահն ու Արտաքին գործերի նախարարը (հատկապես վերջինս) հանդես եկան ողորմելի մեկնաբանություններով, որից տպավորություն է, թե նրանց համար ռուս խաղաղապահների հեղինակությունն ավելի կարեւոր է, քան հայ բնակչության կյանքը։
Արցախում ռուսական զորքի ներկայությանն անդրադարձել ենք Ինչ պայմանով է Արցախում տեղակայվել ռուսական զորքը․ Հայկական կողմն ազատ է պարտավորություններից հոդվածում։ Խաղաղապահները ոչ թե շնորհ են անում արցախցիներին, ինչպես փորձ են անում ներկայացնել ռուսահպատակ մեդիա-քաղաքական շրջանակները, այլ Արցախում են հակահայ ռուս-թուրքական գործարքով։
Անվտանգությունը խաղաղապահները չեն, այլ՝ քաղաքական երաշխիքները՝ կարգավիճակի եւ միջազգային ճանաչման տեսքով։ Մոսկվան դեմ է թե մեկին, թե մյուսին, եւ այդ մասին անհաշիվ անգամներ հայտարարել են ՌԴ առաջին դեմքերը։ Խաղաղապահները չեն կարող այլ գծի մեջ լինել։ Ռուսաստանին իր «խաղաղարարության հեղինակությունը» հետքրքրում է ամենավերջին հերթին, ավելին՝ այդ հեղինակությունը պետք էլ չէ՝ հայ բնակչության առջեւ պարտավորություններ, կամ ինչպես Կրեմլի խոսնակն էր ասել՝ «ավելորդ գլխացավանք» չունենալու համար։ Բաքվի քայլերը Մոսկվայի ուղղորդմամբ հենց դրան են ուղղված, եւ այստեղ պատրանքներ չպետք է ունենալ։
Ըստ այդմ, նրանց պետք է դնել պարտավորությունների ու պատասխանատվության տակ, ինչն էլ արել են արցախցի մի խումբ կանայք։ Արցախի գործադիրում ու խորհրդարանում նստած վարչակազմերը պետք է հասկանան, որ «ռուսական խաղաղարարության հեղինակության» գինը հայրենակիցների կյանքն է, ռուսական հավատամքն է՝ անընդհատ խփիր, որ ավելի կախված լինեն քեզնից։ Արցախը պարտական չէ Ռուսաստանին, ընդհակառակը՝ Ռուսաստանը շատ թանկ է վճարելու այն ամենի համար, ինչ Արցախի դեմ անում է 1813-ից ի վեր։
Lragir.am