Հայաստանում ճիշտ չեն օգտվել «GSP+» համակարգից
Հայաստանում «GSP+» համակարգից օգտվող գործարարների թիվը մեծ չի եղել, և նախորդ 10 տարիների ընթացքում այդ համակարգի ընձեռած արտոնությունները շատ քիչ են օգտագործվել։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նշենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ԵՄ երկրներ արտահանող կազմակերպություններին տեղեկացրել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։ ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Հայաստանն այս համակարգից օգտվում է 2009 թվականից։ ԵՄ կանոնակարգում ամրագրված դրույթների համաձայն՝ երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային Բանկի կողմից 3 հաջորդական տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր եկամուտ կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն։
Գագիկ Մակարյանն անդրադարձավ այն հարցին, թե ի՞նչ հետևանք կունենա այս որոշումը հայ արտահանողների համար։ Նրա խոսքով՝ Հայաստանում նախորդ 10 տարիներին լիարժեք չեն օգտվել այս համակարգի ընձեռած հնարավորություններից։
«Եթե ավելի մեծ քանակով ապրանքներ արտադրեինք ու նաև եվրոպական որակի սերտիֆիկացիայի համապատասխանություն ունենայինք, լավ էր։ Բայց իրականում «GSP+»-ը չէր ազատում սերտիֆիկացիա ներկայացնելու պահանջից, այսինքն՝ ընկերությունները կարող էին արտահանել Եվրոպա, եթե կամ սննդի անվտանգության կամ այլ ստանդարտներ ունենային, որոնք Եվրոպան պահանջում էր։ Հետևաբար, տարիների ընթացքում այն ընկերությունները, որոնք կարողացել են օգտվել «GSP+» համակարգից, շատ քիչ են եղել՝ մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է խոսքը։ Իրականում մենք 10 տարի ունեցել ենք այդ հնարավորությունը, բայց 10 տարվա մեջ քիչ ենք օգտագործել։ Եվրոպայում էլ եվրոպական ընկերությունները քիչ էին իրազեկված, կամ էլ մեր ֆիրմաներն իրազեկված չէին, եվրոպական ընկերությանը չէին կարողանում ասել՝ դու մասքատուրք չես վճարում «GSP+»-ի շնորհիվ, դրա համար այսինչ գնով մեզանից պետք է գնես։ Այսինքն՝ ստացվում էր, որ այնքան էլ էֆեկտիվ չի եղել այդ գործընթացը, և ավելի շատ մեր պատճառով։ Մենք լավ չենք օգտագործել այդ համակարգի հնարավորությունները, հետևաբար, հիմա շատ բան չի փոխվում այս իրավիճակում»,- ասաց Մակարյանը։
Lragir.am