Ֆուտբոլը փրկելու համար այդ երկու ընկերները պիտի հրաժարական տան․ Կապառոսը մասնակի է մեղավոր
Ես միշտ էի ասում, որ մենք ֆուտբոլ չունենք, հիմքից մեր ֆուտբոլը վերացել է։ Ես շատ կոնկրետ կարող եմ արտահայտվել ու ասել, որ երեկվա պարտությունը իրոք շատ մեծ խայտառակություն է, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ կան, որոնք նույնպես պետք է հաշվի առնենք։ Անդրադառնալով երեկ Հյուսիսային Մակեդոնիայից սեփական հարկի տակ կրած ջախջախիչ 0-5 հաշվով պարտությանը «Հրապարակի» հետ հարցազրուցում ասաց մարզական հայտնի մեկնաբան, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը։
«Թող կոպիտ չհնչի ու թող մեր երկրպագուները ներեն ինձ, եթե կոպիտ է հնչում, բայց չեմ կարող չասել, որ մեր երկրպագուները կարծես երազախաբ էին եղել առաջին երեք տուրերի ընթացքում տարած մեր երեք հաղթանակներից հետո։ Եթե մանրամասն վերլուծություն անենք, իսկ ես դա արել եմ, կտեսնենք, որ այդ երեք հավաքականների հետ հանդիպումներում, որոնցում հաղթել էինք, միայն Իսլանդիայի հավաքականի դեմ խաղն էր, որը մենք իրոք շատ լավ անցկացրինք ու բնականաբար արժանի էինք հաղթանակի։ Լիխտենշտայնի հետ մեր առաջին մրցավեճում, կհիշեք շատ լավ, որ մենք հաղթեցինք, քանի որ նրանք ինքնագոլի հեղինակ դարձան։ Այդ թույլ թիմին փաստորեն, որին երեկ գերմանացիները 9 գոլ խփեցին, մենք շատ դժվարությամբ էինք հաղթել ու հետո էլ տնային խաղում անգամ չկարողացանք հաղթել։ Այսինքն՝ մենք նույնիսկ նմանատիպ թույլ թիմերի նկատմամբ չենք կարողանում համոզիչ հաղթանակ տանել։ Այո, Ռումինիայի նկատմամբ հաղթանակը նույնպես ես պատահական եմ համարում։ Վերջին մի քանի րոպեի ընթացքում մերոնք երկու գոլ խփեցին ու հաղթեցին։ Ֆուտբոլում նման բաներ լինում են, դա կարող է լինել, ասենք 20-30 տարին մեկ անգամ, բայց այդ դեպքը փաստորեն եղավ մեզ հետ»,- ասաց Բաղդասարյանը։
«Ամեն դեպքում մենք իրոք շանս ունեինք երկրորդ տեղը զբաղեցնելու համար։ Ես այդ բոլոր մաթեմատիկական հաշվարկներն էլ եմ արել։ Լիխտենշտայնին անպայման պիտի հաղթեինք, բայց դա չարեցինք ու եղավ այն, ինչ եղավ։ Բայց սա, կրկնում եմ, խայտառակություն է։ 6 խաղ խաղացել ենք ու չենք հաղթել։ 6 խաղում միայն երկու գոլ ենք խփել։ Եթե հաշվի առնենք ընկերական խաղերն էլ, վերջին 8 խաղում մենք հաղթանակ չունենք՝ 4 պարտություն, 4 ոչ-ոքի։ Սա է մեր իրական պատկերը, զարմանալու բան չկա։ Անկախությունից հետո գիտե՞ք՝ երբ ենք շատ լավ հավաքական ունեցել։ Այո, շատ ճիշտ եք, Վարդան Մինասյանի գլխավորած հավաքկանի ժամանակ՝ 2011-2013 թվականներին։ Յուրան կար, Մարկոսը կար, Արասը կար, տեսեք՝ ովքեր են, նրանց այս կազմի հետ իհարկե չես համեմատի։ Այս կազմը մեկ մետրի վրա իրար հետևից սխալ փոխանցումներ է կատարում։ Ասեմ նաև, որ թյուր կարծիք կար, թե մենք Հյուսիսային Մակեդոնիային հավասար ֆուտբոլ կարող ենք խաղալ կամ նույնիսկ ասում էին, թե ուժեղ ենք, կհաղթենք և այլն։ Ոչ, այդ նրանք են մեզնից մի գլուխ ուժեղ։ Այն, որ ժամանակին նրանք «Եվրոյի» եզրափակիչ փուլ էին դուրս եկել, դա պատահական չէ, ոսկե սերունդն էր։Ճիշտ է, նրանք եզրափակիչ փուլում լավ չխաղացին, բայց հսկայական փորձ կարողացան կուտակել,ինչն ուղղակի չի կարող իր արդյուքնը չտալ»,-պնդեց Բաղդասարյանը։
Բաղդասարյանի խոսքով՝ մեր հավաքականում թիմային խաղ չկա ու դա նաև ազգային մենթալիտետի հետ է կապված։
«Տեսեք հիմա։ Մենք անգամ առօրյա կյանքում միասնական չենք, ինչպես կարող ենք միասնական խաղ խաղալ ու դա երևաց շատ պարզ նաև պատերազմի ժամանակ։ Ֆուտբոլում միակ պահը, երբ մենք միասնական ենք եղել, 1973 թվականն է եղել։ Թե ով է մեղավոր այս ամենի համար, ես վախենալու բան չունեմ, շատ հստակ ու կոնկրետ կարող եմ արտահայտվել։ Այդ երկու ընկերները՝ Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը, շատ պարզ բռնազավթել են ֆեդերացիան։ Նրանք ֆեդերացիայի ընտրություններին ամեն բան ոտքի տակ տվին, կանոնակարգերի բոլոր կետերը ոտքի տակ տվին, միայն թե ընտրվեն։ Այնպես չէ, որ Թովմաս Գրիրգորյանը իմ հորեղբորորդին էր, դրա համար ուզում էի նա ընտրվեր, ոչ, բայց զուտ ես այդ երկուսի կերպարը դեռ վաղուց գիտեի։ Նրանք ախր պատվերով հոդվածներ գրող են եղել։ Նրանք անգամ իմ դեմ են գրել «Հայկական ժամանակում, Նիկոլի ժամանակ։ Նրանք նյութ էին գրում ուղղակի ձեռքից հոտ քաշելով։ Մեր ֆուտբոլը փրկելու համար այս ղեկավարներից պիտի ազատվել։ Նոր ընտրություններ են պետք։ Պետք է հասկանալ, որ հավաքակի ելույթների համար առաջինը նախ ֆեդերացիան է պատասխանատու։ Հիմա փաստորեն իրենք ամեն բան տապալել են ու պիտի թողնեն ասպարեզը, այլ տարբերակ ես չեմ տեսնում»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը։
«Կապառո՞սը։ Գիտեք ինչ, միանշանակ, եթե հավաքականը վատ է խաղում, դրա առաջին պատասխանատուներից մեկը հենց գլխավոր մարզիչն է, բայց այնպես չէ, որ նա լավը չարեց։ Մի կողմից շատ լավ էր, որ եկավ ու երիտասարդներին տեղ տվեց։ Բայց, կարծում եմ, այդպես շարունակական բնույթ չպիտի ունենար, որովհետև նկատած կլինեք, որ գրեթե ամեն խաղի երիտասարդների էին բերում, այսինքն՝ դա նույնպես չարաշահվեց։ Բայց հիմա ու՞ր են այդ երիտասարդները, քանիսը հաստատեվեցին կազմում, երևի թե Սպերցյանը միայն, այն էլ մեր ֆուտբոլային դպրոցը չի անցել։ Կարող եմ առանձնացնել նաև Ժիրայր Շաղոյանին, բայց նա իհարկե դեռ այն մակարդակը չունի, որ հավաքկանում եղանակ փոխի, ստեծի։ Այդ տարիքի ֆուտբոլիստները դրսում արդեն իսկ անուն հանած են լինու, իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև ֆուտբոլային լավ դպրոց են անցնում։ Մերոնք ուղղակի կրթություն չեն ստանում, որովհետև լավ դպրոց չկա։ Բա ու՞ր է Մելենդեսի այն ծրագիրը, որով իբր թե ֆուտբոլիստները պիտի պարապեին։ Ո՞վ է բա այս ամենի պատասխանատուն։ Տարին միայն երկու մլն դոլար նրան ու նրա թիմին։ Աշխարհում նման բան չէր եղել, իսկ մեզ մոտ եղել է ու սրանք փաստորեն մարսել են սա։ Բայց չպիտի մարսեն, սա է խնդիրը, պիտի անպայման պատասխան տան։ Ֆեդերացիայի կազմը պիտի հրաժարական տա, իսկ Կապառոսը, ինչպես ասացի, մասնակի է մեղավոր, սա է ամենը»,- հավելեց մարզական մեկնաբանը։
Hraparak.am