Օրերս Հայաստանում հերթական սպանությունը տեղի ունեցավ․ ընդհանրապես, կրիմինալ դեպքերը երկրում շատացել են, եւ ոստիկանությանը ոչ մի կերպ չի հաջողվում կանխարգելիչ գործողություններ իրականացնել։ Նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում սպանվեց 2 անձ, 4 անձ տարբեր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Սպանվածների մեջ էիր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր՝ 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված պատգամավորի որդին` Վլադիմիր Սիմոնյանը: Դեպքը տեղի է ունեցել նախկին պատգամավորի տանը: Արտյուշ Սիմոնյանը 2003-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթունից  էր ընտրվել: 

Մեր տեղեկություններով, առաջինը կրակել է նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը, որի կրակոցից էլ Տույը մահացել է։ Բացի դրանից, Վլադիմիր Սիմոնյանն աշխատել է Երեւանի քաղաքապետարանի Կենդանաբանական այգու փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Դեռ ամիսներ առաջ նա ազատվել է տնօրենի ԺՊ-ի պաշտոնից, քանի որ փաստաթղթերը չեն համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին։ Իսկ մինչ այդ, երբ Մարությանը ստորագրել էր Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին էր ներկայացրել տնօրենի ԺՊ Վլադիմիր Սիմոնյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը։

Ռազմական փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանի մեկնաբանմամբ՝ քաղաքական իշխանությունը շահագրգռված է, որ հասարակությունը պառակտված լինի, ինչի հետեւանքով վերջերս բազմաթիվ սպանություններ են տեղի ունենում․ «Սա խոսում է ոստիկանության եւ հանցավոր անձանց սերտաճման մասին, այսօր շատ դժվար է տարբերել, թե ով ում տղան է։ Իշխանությունը սկսել է ունեցվածքի վերաբաժանում եւ ունեցվածքը փորձում է տալ յուրայիններին, այսինքն՝ նրանց, ովքեր համամիտ են իշխանության քաղաքականության հետ եւ ենթարկվում են իշխանությանը։ Երբ իշխանությունը վտանգ զգա իշխանությունը պահելու առումով, պետք է քրեական հեղինակությունները հրաման ստանան, որ օգնեն։ Եթե իշ[անությանն այս ամենը ձեռնտու չլիներ, չէին կարող գործել։ Տեսնում եք, թե տարվա ընթացքում ինչեր են կատարվում։ Թող փորձի ընդդիմությունն իր քայլն անի, անմիջապես բռնում են, պատժում են, իսկ հեղինակություններն ի՞նչ են, օրենքից դո՞ւրս են, թե՞ վեր են»։

Ըստ քրեագետի՝ Հայաստանում «քրեական հեղինակություն» ասվածը հարաբերական է, բոլորը գտնվում են ոստիկանության «կրնկի տակ»․ «Եզակի ազգի մոտ կտեսնենք, որ այդպիսի հեղինակությունները ոստիկանությանը չեն ենթարկվում, այդպիսիք էլ բանտերում են։ Ովքեր իրենց հեղինակություն են համարում, ուրեմն այդ «դաբրոն» ստացել են միայն ու միայն ոստիկանությունից։ Ինչպես իշխանությանը, այնպես էլ ոստիկանությանն է դա ձեռնտու։ Երբ չեն կարող այս կամ այն անձին ճնշել, այդ դերը ստանում են  հեղինակությունները։ Հայաստանը վաղուց վերածվել է Սիցիլիայի։ Ազգի առնվազն կեսը՝ իր բարոյականությամբ, բոլոր կարմիր գծերն անցել է»։

Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրավապահ համակարգը նորմալ չի գործում, «գողերն» էլ ինչ ուզում, ոնց ուզում՝ անում են․ «Ինչո՞ւ Նիկոլը դատախազին չի հեռացնում, որովհետեւ հլու-հնազանդ ենթարկվում է Նիկոլին։ Հիշենք․ տասնյակ միջնորդություններ եղան այս տարում՝ Նիկոլին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, պատկերացրեք, որ Դավթյանի փոխարեն լիներ մի օրինապահ, անկաշկանդ դատախազ, ի՞նչ կլիներ Նիկոլի վիճակը»։

Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնում են, որ Քանաքեռցի Տույի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու եւ ավելի անձի սպանությունը եւ ապօրինի զենք կրելը:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն