Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

Տիկին Հովսեփյան, ինչպե՞ս եք գնահատում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակն ու իշխանությունների հիմնավորումները, որ եթե մաքսակետ չտեղադրվեր, Ադրբեջանը միջանցք էր պահանջում։

Ես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարում եմ մանիպուլյացիա, ինչպես եղավ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման ժամանակ։ Այն ժամանակ ասվեց՝ «եթե մենք չստորագրեինք, 25 հազար զինծառայողները շրջափակման մեջ էին հայտնվելու»։ Այդ նույն թեզը մենք փաստորեն լավ մարսել ենք, հիմա երկրորդ թեզն է առաջ բերում։ Սրան հարմարվողը վաղը կհարմարվի նաև միջանցքին։ Ավելին, իրենք անգամ չհարցրեցին հայկական կողմին, չբանակցեցին, և ինչպես անվտանգության խորհրդի քարտուղարը ասաց՝ «մեզ տեղեկացրեցին, որ գիշերը 24։00-ին մաքսակետ է տեղադրվելու»։

Փաշինյանը հայտարարեց, որ այդ տարածքները Ադրբեջանինն են։ Այնինչ, դեռ չի իրականացվել սահմանազատում ու սահմանագծում, ինչպե՞ս է նման հայտարարություն արվում։

Ինքը շատ լավ հասկացել է, որ մենք ունենք իրեն ընտրող տգետների զանգված, ովքեր ամբողջությամբ իրեն պաշտպանելու են։ Եվ, բնականաբար, ինքը կարող է ասել ամեն ինչ։ Բայց բավական է մեր համբերությունը չարաշահեն։ Դրանք չեն կարող լինել ադրբեջանական տարածքներ, որովհետև ԽՍՀՄ քարտեզը իրավական ուժ չունեցող քարտեզ է։ Եվ երբ ամեն մեկի աչքն է մտցնում այդ քարտեզները, պետք է այնքան գիտակցեն ու բանակցելուց այնքան ուժ ունենան, որ իրավական ուժ չունեցող քարտեզները չբերեն դարձնեն մեզ համար պարտադիր։ Գոնե այնքան գիտակցեն, այնքան խնդիրներ չստեղծեն, որ իրենցից հետո ցանկացած կառավարիչ, որը կգա, կարողանա հարցերը լուծել։ Բայց մինչև վերջ այնպիսի բաներ են անում ու այնպիսի հայտարարություններ են անում, որ հետագայում ով էլ գա, հնարավոր չլինի շտկել։ Ճանապարհի այդ հատվածը գոնե ռուս սահմանապահներով պետք է վերահսկվի, որովհետև փաստացի իրենք հայ մարդուն դատապարտել են ադրբեջանական պոստերի միջով անցնելուն։ Դա անվտանգային լուրջ խնդիր է։

Իշխանությունները կոչ են անում մարդկանց երթևեկել այլընտրանքային ճանապարհով։

Իսկ Շուռնուխի ժողովուրդը որտեղո՞վ է անցնելու, Որոտանի ժոաղովուրդը որտեղո՞վ է անցնելու։ Եվ այնտեղ շատ գյուղեր կան, բնակիչներն ինչպե՞ս են տեղաշարժվելու։ Շուռնո՞ւխն էլ պետք է հայաթափենք ու հանձնենք իրենց, քանի որ մնացել է երկու մաքսակետի մեջտեղում։ Թող այդ այլընատրանքային ճանապարհները լինեին, հետո կխոսեին, քանի դեռ չեն եղել, խոսելու տեղ չունեն։

Այսօր անվտանգային հարցերը շատ լուրջ են։ Եթե ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 9-ին Արցախում խաղաղ բնակիչը գնդակահարվեց, իսկ երեք անձ վիրավորվեց, ապա պետք է գիտակցենք, որ այդ ազգության հետ մենք ամեն օր ունենալու ենք անվտանգային խնդիր։ Եվ որևէ մարդ չի գնալու դրանց մաքսակետով անցնի-դառնա, որքան էլ ճանապարհը հարմար լինի մեզ համար։ Եթե չի կարողանում այդ խնդիրները լուծել, ուրեմն պետք է ասի՝ «չեմ կարող» և հեռանա։

Ընդդիմությունը հայտարարեց դիմադրության ճակատ ձևավորելու մասին, ինչո՞ւ է հասարակությունը պասիվ։

Մարդիկ փողոց դուրս չեն գալիս, որովհետև իրենց համար միևնույն է։ Շիրակցու համար մեկ է, որ Սյունիքի ճանապարհները կարող են ադրբեջանցիները հսկել, մյուսների համար էլ է միևնույն, որովհետև իրենց տուն չեն մտել, իրենց երեխային դեռ չեն ապտակել։ Արարատցու համար այդ պահին միևնույն է, թե ինչ է կատարվում Սյունիքում, քանի դեռ Տիգրանաշենի հարցը չի դրվել։ Մենք այսօր ունենք անվտանգության խնդիր, իսկ մարդիկ քարոզարշավ են անում։ Երեկվա Կապանի դեպքը, Շուռնուխում  մաքսակետ են դնում, իրենք գնում են Կապանում քարոզարշավ անելու։ Եվ փոխավարչապետի մակարդակով են դա անում, գետինը մտնեին, չպիտի հասնեին այնտեղ, սա այլանդակություն է ուղղակի, ամոթ է, մեր կառավարության անպատասխանատվության պատկերն է ցույց տալիս։ Բայց ես վստահ եմ, որ Կապանում ժողովուրդը ցույց կտա, թե ինչ եղավ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն