Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ Սաակաշվիլիին աջակցող արևմտյան գործիչները չեն կարող լինել Վրաստանի բարեկամները
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարությունը հրաժարվում է համագործակցել արևմտյան այն քաղաքական գործիչների հետ, որոնք կասկածում են վրացական արդարադատության արդարությանը և անտեսում են երկրի օրենքները՝ իրենց կողմնակալության պատճառով: Այս մասին ասվում է իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի՝ Facebook-ում տարածված հայտարարության մեջ, գրում է newsgeorgia.ge-ն։
«Վրացական երազանք»-ի ղեկավարն արձագանքել է սկանդալին, որը սկսվել է այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարությունը թույլ չի տվել եվրոպացի քաղաքական գործիչների պատվիրակությանը Գլդանիի բանտում հանդիպել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։ Կոբախիձեն պատվիրակության անդամներից մեկին՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգային անվանել է Սաակաշվիլիի կուսակցության՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» «երկարամյա լոբբիստ»։
«(Ֆոտիգան) լոբբինգ է արել այս քաղաքական ուժի համար, նույնիսկ երբ Սաակաշվիլիի ռեժիմը սպանում էր, բռնաբարում, թալանում էր ձեռնարկություններ, գողանում էր անկախ լրատվամիջոցները և Ռուսաստանի տարածքներ էր փոխանցում,. նա Միխեիլ Սաակաշվիլիին քաղբանտարկյալ էր անվանում։ Նման մարդկանց մի պարզ հարց եմ ուզում տալ. «Նրանք ճանաչո՞ւմ են վրացական պետությունը։ Իսկ եթե գիտեն, ապա կարծո՞ւմ են, որ արդարությունն ու օրենքի գերակայությունը պետության պարտադիր հատկանիշն են»,- ասել է Կոբախիձեն։
Ըստ իշխող կուսակցության նախագահի՝ Վրաստանում բևեռացման աճին նպաստում են «արմատական ընդդիմության լոբբիստները»։ Կոբախիձեն հիշեցրել է, որ այս մարդկանց ջանքերի շնորհիվ 2020-2021 թվականներին բանտից ազատվել են ընդդիմադիր Գիգի Ուգուլավան, ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի բաժնետեր Գիորգի Ռուրուան և «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան։ Ընդդիմության շրջանում երեքն էլ անվանվում էին քաղբանտարկյալներ, իսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի շատ քաղաքական գործիչներ կոչ էին անում ազատ արձակել նրանց:
«Բոլորը տեսնում են, որ այսօր այդ մեղավարները, գլխավոր հանցագործ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ, ամենաակտիվ դերն են խաղում բևեռացման գործում, ինչը վնասում է հասարակության և վրացական պետության շահերին։ Արմատական ընդդիմության հետ այս ամենի անմիջական պատասխանատվությունը, բնականաբար, կրում են բոլոր այն անհատները, որոնք ակտիվորեն պահանջում էին ազատ արձակել հանցագործներին»,- ասել է Կոբախիձեն։
«Հաշվի առնելով վերը նշվածը, խնդիրը պարզ է՝ կա՛մ այս մարդիկ ընդունում են, որ Վրաստանը պետություն է, և պետությունը պետք է օրենքներ ընդունի, կա՛մ մենք ստիպված կլինենք նրանց անվանել հանցագործների հովանավորներ։ Նրանք պետք է ցույց տան, որ իրենք Վրաստանի բարեկամներն են, այլ ոչ թե Սաակաշվիլիի և նրա հանցավոր թիմի ընկերները»,- եզրափակել է Կոբախիձեն։
Ընդդիմության արձագանքը
«Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան Կոբախիձեի հայտարարությունն անվանել է «բաց հայտարարություն արտաքին քաղաքական գծի փոփոխության վերաբերյալ»։
«Նա ասաց, որ բոլոր ռազմավարական գործընկերները, որոնք հայտարարել են երկրում արդարադատության կողմնակալության մասին՝ լինեն նրանք ամերիկացիներ, թե եվրոպացիներ, անկախ նրանից, թե միջազգային որ կազմակերպության անունից են շրջանառվում հայտարարությունները, մեր թշնամիներն են։ Ով ասում է, որ երկրում քաղաքական հետապնդումներ են իրականացվում, նա թշնամի է... Ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ ավելի հստակ կկրկնեմ, որ այդ պայքարը քաղաքակրթական է՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք։ Քանի դեռ այս հարցը չի լուծվել հօգուտ պատմական նկրտումների, որոնք կոչվում են շարժում դեպի Արևմուտք, բնականաբար, այդ գործողությունները չեն դադարի»,- ասել է Մելիան՝ դիմելով Վրաստանի խորհրդարանի մոտ Սաակաշվիլիին աջակցող ցուցարարներին։
Tert.am