Քոչարյանը Սփյուռք ասելով, պատկերացնում է Արա Աբրահամյանին, Անդրանիկ Միհրանյանին կամ Մարգարիտա Սիմոնյանին, այդ կարգի մարդկանց
Մեր զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)
Պարոն Առաքելյան, Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին հայտարարել է, թե համազգային դիմադրության շարժում են սկսում ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում: Սփյուռքում ինչպե՞ս են արձագանքում այս կոչերին։
Ճիշտն ասած, չեմ մտածում, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Վրաստանում կամ Ռուսաստանում բնակվող հայության ներկայացուցիչները կարող են մասսայական ուշադրություն դարձնել նրա հնչեցրած բառերին։ Կարծում եմ, որ նա, ասելով Սփյուռք, իր աչքերի առաջ պատկերացնում է Արա Աբրահամյանին, Անդրանիկ Միհրանյանին կամ Մարգարիտա Սիմոնյանին, այդ կարգի մարդկանց, որոնք իրենց հայ են կոչում և աշխատում են իրենց իբրև հայեր դրսևորել, բայց իրականում որևէ առնչություն չունեն այն իրականության հետ, որը Հայաստանում տեղի է ունենում և ոչ էլ երբևիցե նպատակ են ունեցել իրենց ազգին ռեալ օգնություն մատուցել։ Ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ինչպես նաև իրենց համակիրները միշտ ապրել են, ապրում են և, կարծում եմ, դեռ երկար կարող են ապրել իրենց կառուցած աշխարհի մեջ և պատկերացնել, որ դա է իրականությունը, այնինչ դա մտովի կառույց է, որը որևէ աղերս չունի իրականության հետ։
Այսինքն՝ անհիմն կոչե՞ր են Սփյուռքից աջակցություն ստանալու։ Ժողովրդագրագետները ներկայացնում են թվեր, որ ամենամեծ արտագաղթը հենց նրա օրոք է եղել։
Եթե խոսքը իրական սփյուռքահայության մասին է, որն աշխարհով մեկ բնակվում է, ներառյալ Ռուսաստանը, ապա, ինքը, բնականաբար, որևէ աջակցություն չի ստանալու ոչ մեկից։ Ուրիշ հարց է, որ նա կարող է ստեղծել նման պատկեր՝ ունենալով ձեռքի տակ այն բավականին լուրջ ռեսուրսները, որոնք կարող է գործածի և ստեղծի այդ պատրանքը, թե Սփյուռքը իրենց այդ հարցերում աջակցում է։ Եվ, կարծում եմ, որ նրանք այդ սցենարով էլ կփորձեն շարժվել։
Քոչարյանը հանրահավաքին նաև հայտարարել է, որ կամ բարիկադներով, կամ ընտրություններով սրանց վռնդելու են․«Սա երկար չի տևելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու։ Հնարավոր համարո՞ւմ եք։
Ինչպես կարելի է լուրջ վերաբերվել նման հայտարարություններին, նա կոչեր է անում Հայաստանի, Արցախի, Սփյուռքի կողմից, բայց իրականում Ազատության հրապարակում ինքը առավելագույնը 4000 հոգի է հավաքում, էլ չասենք, որ կեսից ավելին նախկինների ձեռնարկություններում աշխատող մարդիկ են, որոնց պարտադրում են մասնակցել այդ հանրահավաքներին և հետո էլ երևի հյուրասիրում պիցցայով։
Առհասարակ, Հայաստանում լուրջ ուժ կարելի է համարել միայն այն կազմակերպությանը կամ այն լիդերներին, որոնք կկարողանան 40000-անոց հանրահավաք կազմակերպել, և միայն դրանից հետո կարելի է խոսել մասսայականության մասին։
Ինչ վերաբերում է արժե թե ոչ ներգրավել Սփյուռքին Հայաստանյան ներքաղաքական կյանքին, պետք է ասեմ, որ այսպես թե այնպես Սփյուռքն արդեն ներգրավված է Հայաստանի ներքաղաքական կյանքին, հատկապես այսօր, և ասեմ ավելին, ապրում է այդ կյանքով։ Բոլորս ականատես եղանք Սփյուռքի այն մեկնած ձեռքին կամ օգնությանը, որը պատերազմի օրերին սկսեց գալ Հայաստան։ Ցավոք սրտի, այսօր Հայաստանի ղեկավարության կողմից որևէ կերպ չի օգտագործվում այն հսկայական ինտելեկտուալ ռեսուրսը, որն այսօր ունի Սփյուռքը և կարող է ներդնել Հայաստանի զարգացման մեջ։ Բայց, չնայած դրան, Սփյուռքը միշտ կա և կլինի Հայաստանի կողքին, ինչը բազմիցս ապացուցվել է։
Պարոն Առաքելյան, Դուք այս օրերին Հայաստանում էիք։ Ընդհանրապես, Հայաստանում կա՞ նրա շուրջ մոբիլիզացիա։ Որքանո՞վ նա կարող է հաջողել։
Գիտեք, որոշակի մոբիլիզացիա իր շուրջ, բնականաբար, գոյություն ունի, այն մարդկանցից և այն ուժերից, որոնք նախկինում օգտվում էին այն կերակրատաշտից, որն ինքն էր ստեղծել ժամանակին, այլապես քոչարյանական ուժերը պարզապես չէին մտնի ԱԺ։ Այն ժամանակ նրանք ֆինանսական և մեդիա ռեսուրսները օգտագործեցին և հասան նպատակին, հիմա կարող են օգտագործել նաև ուժային ռեսուրսները։ Չէ՞ որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի զորքերն այսօր գտնվում են Հայաստանում և յուրաքանչյուր պահի մի ֆեյք հեղաշրջում կարող են գործել։
Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա նա մերժված է մեր ժողովրդի կողմից և ընդմիշտ, և կարծում եմ, որ ինքը դա շատ լավ հասկանում է։
Lragir.am