Ռուսաստանի նախազգուշացումը Թուրքիային
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել:
Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Մենք շատ հստակ ենք, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է ոտնձգության Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը», – ասել է Լավրովը:
Լավրովը նաև նշել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում վերահաստատել էր Անկարայի պաշտոնական այն դիրքորոշումը, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2021/05/24/1518714.html