Պուտինը տվել է հրահանգը․ Մոսկվայի հաջորդ թիրախը Հայաստանում
Մոսկվայից կառավարվող «ադրբեջանի» զինուժի երեկվա ներխուժումները ՀՀ տարածքում բխում են Վալդայ ակումբում հոկտեմբերի 21-ին Պուտինի հրահանգավորումից։ ՌԴ նախագահը խոսել էր «սահմանազատման» մասին՝ ասելով․ «Հիմա ամենակարևորը սահմանին տիրող իրավիճակի կարգավորումն է, և այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել: Այստեղ նույնիսկ մենք ուրիշի կարիք չունենք, բացի երկու կողմերից և Ռուսաստանից։ Ինչո՞ւ, որովհետև այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ կան, այո, որովհետև ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային տարիներին: Այնտեղ կան բաներ, որոնք նաև փոխզիջումներ են պահանջում՝ ինչ որ տեղ պետք է ուղղել, ինչ որ տեղ՝ ինչ որ բան փոխանակել (նկատի ունի տարածքները․ խմբ): Միայն այն բանի համար, որ դա ճանաչվի, պարզ է, որ դա ձեռնտու է երկու կողմերին»։
Փոխզիջման, խորհրդային քարտեզների մասին ՌԴ նախագահի շաղակրատանքը «դատավոր-միջնորդի» ժանրից է։ Պուտինը խոստովանում է, որ այս գործընթացն իրականացվում է Ռուսաստանի մասնակցությամբ։ Սյունիքի մարզում Մոսկվա-Բաքու գործողություններին անդրադարձել ենք։ Հայաստանի տարածքի օկուպացման ու ճանապարհների վերահսկողության ծրագիրն իրագործվում է «Բաքուն ներխուժում է-ռուս սահմանապահների միջնորդությամբ բանակցություն է սկսում» Հայաստանի տարածքում արդեն բազմիցս կիրառված մեթոդով։ Հայաստանի հանդեպ ՌԴ, ՀԱՊԿ պարտավորությունների պայմանագրային մակուլատուրան իրականում ՀՀ անվտանգության համակարգը վերահսկողության տակ առնելու, հայկական զինուժի նախաձեռնությունները չեզոքացնելու, դիմադրությունը կոտրելու դեր ունի (տարիներ շարունակ այս մասին պնդումներ անողները ենթարկվում էին քարկոծման՝ հիմա բոլորի աչքի առաջ է)։
Պուտինի նշած՝ «սահմաններն ինչ որ տեղ ուղղելու, ինչ որ տեղ՝ ինչ որ բան փոխանակելու» ընթացքը շարունակություն է ունենալու, եւ Մոսկվա-Բաքու հաջորդ թիրախներն առաջին հերթին լինելու են այն շրջանները, որտեղ արդեն կան ռուս զինվորականներ՝ Խոզնավարից Տավուշ։ «Խորհրդային քարտեզները», «կայուն խաղաղությունը» եւ նման բաները հայ հանրության ուշադրությունը զբաղեցնելու համար են։ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ծրագրերին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Հայաստանի համար նախատեսված չէ նույնիսկ այդ գնով խաղաղ դարաշրջանի, առավել եւս արժանապատիվ խաղաղության որեւէ հնարավորություն, ինչի մասին բարբաջում են իշխող խումբն ու խորհրդարանի «ընդդիմությունը»։
Ռուսաստանն անցել է իր համար ճակատագրական գիծը Հայաստանում եւ գնալու է մինչեւ վերջ, ինչի վկայությունն է եռակողմ նոր հանդիպման շուրջ քաշքշուկը եւ Մինսկի խմբի ու ՄԱԿ-ում համապատասխան բանաձեւի դեմ Մոսկվայի արշավը։ Դիմադրությունը ենթադրում է իրավիճակի համարժեք ընկալում եւ համապատասխան քայլեր, այդ թվում՝ խորհրդարանի որոշումների տեսքով։