Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթել են Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները հաղթանակ են տոնել Եվրոպայի թիմային առաջնության հերթական տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց թիմը մրցեց Իսրայելի ընտրանու հետ և գերազանցեց 2,5:1,5 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը: Այժմ Հայաստանի ընտրանին 6-րդն է: Առաջատարը Ադրբեջանն է:
Կանանց ընտրանին ուժերը չափեց Լեհաստանի հետ և հաղթեց 3:1 հաշվով: Ընտրանու կազմում հաղթեցին Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Կանանց ընտրանին եզրափակում է լավագույն եռյակը: Առաջին տեղում Ռուսաստանն է:
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից:
Armenpress.am